ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը այսօր պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին նա գրել է իր Տելեգրամ–ալիքում։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»,- ասված է նամակում։
Նշվել է, որ այդ պատճառով հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։
«Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,–ասել է Զատուլինը։
Նշենք, որ Կոստանտին Զատուլինը, որը համարվում է հայամետ գործիչ, բազմիցս քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մոտ օրերս նա պետք է գար ՀՀ` իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստին մասնակցելու։
Կոնստանտին Զատուլինը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: 2010թ. նոյեմբերի 11-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: