ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին իր մտահոգությունը հայտնեց նշելով, որ տեսախցիկներ տեղադրելով՝ մենք մարդու իրավունքներն ենք պաշտպանելու, թե կսահմանափակենք խոսքի ազատությունը:
Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ պատգամավորի մտահոգությունն ավելորդ է. «Մեր այս տեսանկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիկանությանը՝ հանցագործություններ բացահայտելու, հասարակական կարգ ապահովելու, ինչպես նաեւ՝ աջակցելու են մեր քաղաքացիներին այն դեպքերում, երբ կարիք կունենան օգտագործելու մեր այդ նյութերը»:
Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ այս օրենքով, այնուամենայնիվ, սահմանափակում դրվելու է մարդու ազատությանը ու նրա խոսքի իրավունքին, իսկ երկիրը դառնալու է ոստիկանական երկիր. «մարդը չի կարողանալու ազատ արտահայտվի, խոսա, չգիտեմ, ես չեմ հասկանում ոնց է լինելու հետագան մեր երկրի, ու կամաց-կամաց ավելի ենք սեղմում մարդկանց»,-նշեց Սասուն Միքայելյանը:
«ՀՀ ոստիկանության մասին» օրենքով ոստիկանությունն առաջարկում է հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգի պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործել: