Search
Close this search box.

«Հրապարակ». Օդանավում Աննա Հակոբյանին ռեպլիկներ են ուղղել. Նա օդանավ բարձրանալով անցել է Կոնջորյանի մոտով եւ «ֆշշացրել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մի քանի օր առաջ Փարիզում էր․ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Ելիսեյան պալատում լուսանկարվել էր, հանդիպել ֆրանսահայ տիկնանց հետ։ Փարիզյան շրջագայությունից նա վերադարձել է շաբաթ օրը` երեկոյան ուշ ժամի, «Էյր Ֆրանսի» Փարիզ-Երեւան AF 1060 չվերթի օդանավով։ Նրա հետ նույն օդանավով վերադարձած ուղեւորներից մեկը մեզ պատմեց, որ ինքնաթիռում վարչապետի կնոջն այնքան էլ ջերմ չեն ընդունել։

Ուղեւորների աչքից չի վրիպել այն, որ նույն օդանավով Փարիզից Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով նստած է եղել բիզնես-դասում, իսկ Աննա Հակոբյանը` իր բազմամարդ շքախմբով, տեղավորվել է էկոնոմ-դասում։

Մեր զրուցակիցը նկատել է, թե ինչպես է Աննա Հակոբյանն օդանավ բարձրանալով անցել Հայկ Կոնջորյանի մոտով եւ «ֆշշացրել» Կոնջորյանի հասցեին: Երեւի այն պատճառով, որ ինքը ստիպված է էկոնոմ-դասով թռչել, որովհետեւ հանրային պարսավանքից է խուսափում, իսկ «ինչ-որ մի ճ կլասի պատգամավոր» բիզնես-դասով է ճամփորդում։ Բայց թեեւ տիկին Հակոբյանը ֆորմալ տեղավորվել է էկոնոմ-դասի առաջին նստատեղերին` յոթերորդ շարքում, սակայն նրա համար բիզնես-դասի սպասարկում են ապահովել:

Նրա կողքի նստատեղն ազատ է եղել` այդ տոմսը եւս գնվել է, որ տիկնոջ կողքը մարդ չլինի, իսկ երրորդ նստարանին թիկնապահներից մեկն է նստած եղել։ Բացի այդ, ուղեւորները հաշվել են, որ Աննա Հակոբյանին ուղեկցում է 8 անձ` 3 թիկնապահ, 3 տղամարդ ուղեկիցներ, 2 կին, որոնցից մեկը նրա վարսահարդարն է եղել` Անուշը, ում օդանավում ճանաչողներ են եղել:

Երեք թիկնապահները փողկապով ու կոստյում են եղել` ԱԱԾ-ի տարբերանշանով, մյուս երեքը տարբերանշան չեն ունեցել, բայց ԱԱԾ-ականների հետ են շփվել, միասին բարձրացել` միասին իջել: Թռիչքի մեկնարկին Աննա Հակոբյանից մեկ-երկու շարք հետ նստած ուղեւորները՝ մի քանի կին ու մի տղամարդ, ռեպլիկներ են բաց թողել Փաշինյանի կնոջ ու նրան ուղեկցող անձնակազմի հասցեին, թե «խի պիտի «էս թուրքերը» սենց հանգիստ օդանավ նստեն», «սրանք հիմա պիտի մկան ծակը հազար թումանով առնեին», ու նման արտահայտություններ։

Արցախի հետ կապված են բարձր-բարձր հայտարարություններ արել՝ իրենց սերն արտահայտելով Արցախի հանդեպ. «մեռնեմ Արցախի դրոշին», «էդ իմ համար հպարտություն ա» եւ այլն։ Աննա Հակոբյանն այդ ամենը լսել է ու որեւէ ռեակցիա չի տվել։ Հավանաբար, արդեն սովորել են նման ռեպլիկների:

Փոխարենը թիկնապահներն են սկսել նյարդային շարժումներ անել, շրջվել աղջիկների կողմը, որ դիտողություն անեն, սակայն թիկնապահներից հավանաբար ավագը սաստել է, որ կարիք չկա։ Ամեն ինչ այդքանով ավարտվել է։

Ի դեպ, մեր զրուցակիցը, ով հաճախ է ուղեւորվում արտերկիր, պատմեց, որ նախկինում շարքային քաղաքացիները Հայաստանի նախագահների կանանց օդանավում հանդիպելիս ավելի հարգալից էին պահում իրենց, անգամ մոտենում` զրուցում էին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, առաջարկում օգնել եւ այլն։ Այս անգամ նման բան չի նկատել:

Եվ մի մանրամասն էլ ներկայացրեց, որ նախկինում ՀՀ նախագահների կանանց մեկ թիկնապահ էր, որպես կանոն, ուղեկցում ինքնաթիռում, եւ նրանք երբեւէ պաշտոնական հանդիպումների մենակ չէին մեկնում, առավելագույնն ուղեկցում էին իրենց ամուսիններին` մնալով ստվերում եւ առաջին պլան չմղվելով: Իսկ սովորական ինքնաթիռներով մեկնելիս դրանք մասնավոր այցեր էին լինում, որի ժամանակ նրանց շուրջն այսպիսի իրարանցում չէր առաջանում` հաղորդագրություններ չէին տարածում, հրապարակումներ ու լուսանկարներ չէին արվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL