Hetq.am-ը գրում է. 2020թ.-ի պատերազմի ժամանակ անհետ կորածների թվում են պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը և ՄՈԲ-ով զորակոչված Շավարշ Ավդալյանը, նրանք Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ են։ Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած է համարվում նույն գյուղի բնակիչ ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը։
Պատերազմի ժամանակ Ռուդիկ Ալեքսանյանը և Շավարշ Ավդալյանը եղել են Էջմիածնի «Քիմիական զորամասի» կազմում։ 2020թ-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում իրականացրած մարտական գործողությունից հետո 62 հոգանոց անձնակազմից 40-ը հետ չի եկել։ Հետագայում նրանցից հինգը վերադարձել է գերությունից, յոթի մարմինը նույնականացվել է, իսկ մնացած 28-ից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։
«Իմ հորեղբոր տղան Կովսականում էր ապրում, ու հոկտեմբերի 18-ի դրությամբ ոչ մի բնակիչ էնտեղ չի եղել, բոլորին տարհանել էին, բայց մեր էրեխեքին տարան՝ առանց կասկա, առանց զրահաբաճկոն, մի մագազին զենքով, ինչի՞ համար, որ ասեն էդ տարածքը նվեր չե՞նք տվել, էդտեղ կռի՞վ ա եղել»,- ասում է Ռուդիկի հայրը՝ Վիտյա Ալեքսանյանը։
Ռուդիկը Էջմիածնի զորամասում ծառայության էր անցել պատերազմի սկսվելուց մեկուկես ամիս առաջ, վարորդ էր։ Պատերազմի ժամանակ նրանց տեղափոխել են Կապան, որտեղից էլ հոկտեմբերի 21-ին հրաման է եղել գնալ Կովսական։ Քաղաքի դպրոցի մոտ անձնակազմն առավոտյան ժամը 8-ին մոտ մարտի է բռնվել հակառակորդի ստորաբաժանումների հետ, որից կարճ ժամանակ անց նահանջի հրաման է ստացել։
«Ինչ որ տեղի ա ունեցել, տևել ա ամենաշատը կես ժամ։ Մակարյանն ասել ա 10-15 հոգի մարդ կա, արագ գնացեք, տարածքը սանրեք, եկեք։ Ի՞նչ 10-15 հոգու մասին էր խոսքը, էդ տարածքում մի քանի հարյուր թուրք ա եղել, էրեխեքն ավտոբուսից իջել են ու միանգամից կրակի տակ ընկել, իրանց հետ ռազվեդկից տղաներ են եղել, անգամ նրանց նախապես չեն ուղարկել՝ տարածքը ստուգելու։ Մարդիկ լավ էլ տեղյակ են եղել, որ էդ տարածքն արդեն թշնամու ձեռքին ա, ու մեր էրեխեքին դիտմամբ տարել են»,- վրդովված պատմում է Վիտյա Ալեքսանյանը։
Ընտանիքի հետ Ռուդիկը վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ երեկոյան, տեղեկացրել է, որ թաքնված է ու մոտավորապես բացատրել է տեղանքը, դրանից հետո նրա հետ կապվել այլևս չի ստացվել։
«16։30-ի մոտ էր, ինքն ինձ «Վայբեր»-ով նամակ ուղարկեց, գրել էր, որ թաքնված ա, գերի ա ընկել, մեկ էլ քրոջն էր գրել։ Միանգամից ամուսնուս ասեցի, ինքը զանգեց, խոսեց հետը։ Ռուդիկն ասեց, որ մոտավորապես 500-600 մետր դեպքի վայրից հեռացել ա, կոնկրետ չգիտեր, թե որտեղ ա գտնվում, բայց նկարագրեց տարածքը, ասեց՝ կողքին ղամիշներ կան»,- պատմում է մայրը՝ Սեդա Հովհաննիսյանը։
«Մամ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու, կամ կմնամ սենց կամ կխփեն։ Հորս արև լավ մնացեք։ Թեթև տարեք, չլացես, հերոս ունես։ Մամ ջան, շատ եմ ձեզ սիրում, իմ կյանքն էլ սենց դասավորվեց, հերոս կմնամ դուխով։ Հենց հիմա թուրքերի տարածքում եմ, հելնեմ՝ կխփեն։ Աղաչում եմ չլացես»։
Խոսակցությունից անմիջապես հետո Վիտյա Ալեքսանյանը գնում է Կապան, գազալցակայանում նրան են միանում եղբայրը ու եղբոր տղան։
«Երեկոյան մենք արդեն Կապանում էինք։ Էնտեղ հանդիպում եմ Արսեն Աբգարյանին՝ իրանց հրամանատարին, որը որ տղաների հետ էր, բայց, չգիտես՝ ոնց բոլորից շուտ զորքին թողել ու նահանջել էր։ Ասում եմ՝ տղես զանգել ա, տեղն ասել ա, մի միջոց ձեռնարկենք, հանենք, զենք տվեք, մենք էլ կմտնենք։ Ինձ ասեց՝ հոպար, սպասի, հեսա էս երկու օրը մի բան կանենք, կհանենք, բայց 1 րոպեն էլ, 5 րոպեն էլ էդ ժամանակ կյանքի հարց էր»,- պատմում է Ռուդիկի հայրը։
Վիտյա Ալեքսանյանը միաժամանակ հանդիպում է նաև ԶՈՒ ԳՇ պետի (այս պահին նախկին) տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանին, որը 44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության հարավային ուղղության զորախմբի հրամանատարն էր, նորից նույն պատասխանը ստանում, որ միջոցներ կձեռնարկվեն։ Օրեր անց Անդրանիկ Մակարյանի փոխարեն նշանակվում է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության (այս պահին նախկին) պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը։
«Ասում եմ՝ պարոն գեներալ, տղաս զանգել ա, էս տարածքում ա եղել, մի բան անենք, օգնենք, ինձ ասում ա՝ գործին պիտի ծանոթանամ, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Ու էսպես ինձ ամեն օր խաբեցին, էսօր-էգուց արեցին, ոչ մի բան էլ չձեռնարկեցին։ Մինչև դեկտեմբերի 9-ը Կապանում եմ եղել, հետո եկա Էջմիածնի զորամասի դիմաց Արսենին հանդիպեցի, ինքն ինձ խաբեց ասեց՝ դու նորից գնա Կապան, ես էլ վաղն եմ գալու։ Վեր կացա գնացի, բայց ինքը չեկավ»,-պատմում է Վիտյան։
Ծնողները բջջային օպերատորից պարզել են, որ Ռուդիկի հեռախոսից վերջին անգամ զանգ գնացել է հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան անծանոթ հեռախոսահամարի։ Հետաքրքրվելուց հետո իմացել են, որ Ռուդիկի հետ եղած տղաներից մեկի համարն է, որը նույնպես անհետ կորած է։
«Ում հնարավոր է մենք էս հարցով դիմել ենք, էլ մարդ ու կառույց չենք թողել։ Գերիների լուսանկարներից մեկում մի տղայի նմանեցնում ենք Ռուդիկին, Կարմիր խաչից ասեցին, որ դա ուրիշ մարդ ա, սկզբից մի անուն տվեցին, հետո՝ ուրիշ։ Գնացինք, հասանք Շիրակի մարզ, հանդիպեցինք էդ տղաների ծնողներին, ասեցին՝ մեր երեխեն չի, բացի դա իրենց տղաները արդեն հետ էին եկել գերությունից»,-պատմում է մայրը։
Զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները բազմիցս ցույցեր են կազմակերպել զորամասի առջև, Կառավարության դիմաց, Պաշտպանության նախարարության առջև, հանդիպել են պաշտոնյաների, գործով պատախանատուների, սակայն որևէ արդյունք մինչ այժմ չկա։
«Մի անգամ գնացել էինք Կառավարություն, էնտեղ մեզ հետ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը հանդիպեց։ Հարցնում ա՝ ձեր տղայի աշխատավարձը ինչքան էր, ասում եմ՝ 130 հազ․, ասում ա՝ դե հիմա 250 հազար եք ստանում։ Այսինքն մենք մեր տղաներին վաճառո՞ւմ էինք, դուք կուզեի՞ք ձեր երեխաները չգային, բայց էդքան գումար ստանայիք։ Էն մյուս օրն էլ մարզպետարանից են զանգել ասում են՝ եկեք 80 հատ ճուտ տարեք, մենք մեր տղաներին ճտի հետ ենք փոխե՞լ, հա՞»,- բարկացած պատմում է Վիտյա Ալեքսանյանը։
Մանրամասը’ սկզբնաղբյուրում։