Search
Close this search box.

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին` Առաջին ալիքի եթերում հայազգի փորձագետների հայտարարությունների համար

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի եթերում «Մեծ խաղ» հաղորդաշարի հեռարձակման կապակցությամբ։

«Հաղորդման եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները իրականացրել են բացահայտ հակաադրբեջանական հարձակումներ, կասկածի տակ է դրվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ ցուցադրված աշխարհագրական քարտեզը խեղաթյուրված է եղել»,- այս մասին Ադրբեջանի դիվանագիտական ​​գերատեսչությունից հայտնել են տեղի ԶԼՄ-ներին:

Գրառման մեջ մասնավորապես ընդգծվում է, իբրև թե «թոք-շոուի հյուրերն իրենց ելույթներով հրահրում են հայ հասարակության ռևանշիստական ​​ուժերին, վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը և բացահայտորեն աջակցելով անջատողականությանը, թշնամություն են սերմանում երկու ժողովուրդների միջև»։ Դեսպանությունը նախարարության ուշադրությանն է ներկայացրել, որ պետական ​​հեռուստաալիքի եթերում կանխակալ հայտարարությունների օգտագործումը և ակնհայտ քաղաքական սադրանքների ընդունումը հակասում է ոչ միայն ՌԴ նախագահի կողմից բազմիցս հնչեցրած Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը. և արտահայտվել է հաջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ նաև խաթարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը։

Նշվել է, որ տարածաշրջանում առկա փխրուն խաղաղության պայմաններում լրատվամիջոցների ներկայացուցիչները հատուկ պատասխանատվություն են կրում սադրանքները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել լարվածության և սրել իրավիճակը։

Ընդգծվել է նաև, որ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը այս թոք-շոուի հաղորդավարն է և դրա անմիջական մասնակիցը: Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների նման պահվածքը հակասում է ադրբեջանա-ռուսական դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև էական վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»։

Ադրբեջանական կողմը ռուսական կողմին հորդորել է շտապ միջոցներ ձեռնարկել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները զսպելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։

Please enter a valid URL