Search
Close this search box.

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. Արմեն Խաչատրյան

Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում, գրում է «Ազատությունը»:

«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», — ասել է պատգամավորը։

Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։

Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, թե սեպտեմբերին քանի դիրք է անցել ադրբեջանական զինուժի հսկողության տակ, որտե՞ղ են տեղակայված դրանք, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն։ Այսօր էլ խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց՝ դեռևս ճշգրտման աշխատանքներ են անում։ Դիրքային կորուստների մասին Թորոսյանը խոսել էր դեռ սեպտեմբերի 21-ին՝ Եռաբլուրում։

«Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին Պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն կտրամադրի», — նշել է ՊՆ խոսնակը:

Please enter a valid URL