Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը հանձնելով գալիս ես, դու ասում ես՝ սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգեւավճար եմ բաժանում, այդպես ընդունված է եղել: Այս մասին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը․ «Շատ բան է ընդունված եղել, հետո՞: Այսինքն մենք եկել ենք այն եզրակացության, որ այս իշխանությունները 30 տարիներին ձեռք բերված բոլոր արժեքները ոտնահարվել են՝ Արցախ, բանակ, Հայաստանի ինքնիշխանություն, պետականաշինություն: Այսօր եթե պետությունը գոյություն ունի, ապա այդ 27 տարիների ընթացքում ստեղծված քաղծառայության համակարգի շնորհիվ է, վարչության պետերի, բաժնի պետերի:
Նախկինում նաեւ թերություններ են եղել, բայց սրանք եկել են այդ թերությունները նույն պատճառներով բազմապատկել են: Եթե իրենք քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, այսօր դա անտանելի է դարձել: Քննադատում էին տեղերում ճնշումները, այսօր համայնքներում տեսնում եք, թե ընտրություններից հետո ինչպիսի ճնշումներ են լինում»:
Սեյրան Օհանյանի խոսքով, իրենց պայքարը նրա համար է, որ անընդհատ հանձնելով, տալով հարց չես կարող լուծել. «Ինչքան հանձնեցիր, էնքան թուրքն ավելի շատ է ուզենալու ճնշել: Դրա համար ողնաշարներս ուղղենք, մեր ժողովրդի ոգին բարձրացնենք, բանակը արագ կարելի է վերականգնել: Ես բանակը ղեկավարել եմ և գիտեմ, թե ինչ է նշանակում կարգապահություն, հիմա նայեք, թե ինչպես են հագնվում, ով ինչ ուզում հագնում է: Վարչապետի մոտ պաշտոնատար գեներալներ են կանգնում առանց գլխարկի: Ոստիկանության փոխնախարարը քաղաքաում ձեռքները ջեբները առանց գլխարկի պտտվում են: Եթե նույն վարչապետը հասկանար, կթեքվեր, կասեր՝ պարոն գեներալ, մի հատ ռադ քաշիր էստեղից կամ գնա գլխարկդ հագիր, պետության արժանապատվությունը մի ոտնահարիր»:
Սեյրան Օհանյանը պատմեց, որ նախորդ տարի, երբ անվտանգության հետ կապված խնդիր կար, իրենք հրավիրել են գլխավոր օպերատիվ վարչության պետ Էդվարդ Ասրյանին, որն այսօր ԶՈՒ ԳՇ պետն է, որը եկել, ներկայացրել է իրավիճակը սահմանին. «Ես մի երկու հարց տվեցի, հարցերին պատասխանելու ժամանակ ինքը համարձակություն ունեցավ կամ միամտություն ունեցավ իմ մասին մի երկու դրական բան ասել: Վերջում իրեն ասում եմ՝ դու պատկերացնո՞ւմ ես, էս գայլերի մեջ դու ինձ գովում ես, քեզ վաղը հանելու են պաշտոնից: Տեսեք ինչ կատարվեց, իրեն գեներալ-լեյտենանտի պաշտոնից տարել են գեներալ մայորի պաշտոնի: ԶՈՒ ուղեղը համարվող պաշտոնը 4 ամիս թափուր է մնացել, մարդ չեն կարողացել գտնել: հետո էլի մարդ չեն գտել եւ նույն մարդուն բերել նշանակել են բանակի գեներալի պաշտոնի՝ ԳՇ պետ»:
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեվորգյանը, Գառնիկ Դանիելյանը հոկտեմբերի 22-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: