Հայաստան պաշտոնական այցի ավարտին, որի ժամանակ Կապանում բացվեց ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը հայտարարել է, որ կարեւոր քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետի հետ, մասնավորապես տարածաշրջանում երրորդ երկրների զորքերի ներկայությունը բացառելու հարցով։
Հայաստանում իրանական նման հայտարարությունները սովորաբար ընկալվում են ըստ «ճաշակի», նկատի ունենալով Իսրայելի, Թուրքիայի արդեն իսկ իրականություն դարձած ներկայությունը «Ադրբեջանում», ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունը։ Սակայն իրանական հայտարարությունները պետք է դիտարկել առավել լայն համատեքստում, ինչը բնորոշ է Թեհրանի դիվանագիտական ավանդույթին։ Տվյալ պարագայում, որքանո՞վ երրորդ երկրի զորք չէ Ռուսաստանի զորքը։
Հայաստանի հարավի օկուպացիայի ծրագրերն ուղղված են նաեւ Իրանի դեմ, եւ այդ մասին բաց խոսում են Թեհրանում։ Պատահական չէ, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Բաքվում եւ Անկարայում աշխուժացել են այսպես կոչված «Հարավային կամ արեւմտյան Ադրբեջանի» նախագծերը՝ Իրանի մասնատման եւ հյուսիսային շրջանների բռնակցման անթաքույց կոչերով։
Այդ նախագծերը ռուսական ծագում ունեն եւ սկիզբ են առնում «Ադրբեջան» կոչվող նախագծից, որը ստեղծվեց հայկական ու իրանական տարածքների վրա։ Վերջին 100 տարում Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է իրագործել Իրանի հյուսիսային շրջանները բռնակցելու ծրագիրը, սակայն հաջողության չի հասել։
Հայաստանի հարավի բռնակցման ծրագրերի վերաբերյալ Մոսկվային Թեհրանի հարցապնդումները դրա վկայությունն են։ Ընդ որում, Թեհրանի հայտարարություններում հստակ ուրվագծվում է Մոսկվայի առաջնորդությունն այս հարցում, Թուրքիայի ու Իսրայելի հետ համագործակցության ընդգծումներով։
Արցախի հարավային շրջանների օկուպացիան ճանապարհ է բացում Սյունիքի մարզի օկուպացիայի համար, ռուսական զորքն այստեղ կատարում է հայերի երաշխավորված պարտության եւ հայերի հնարավոր նախաձեռնությունները զսպելու դեր։ Հայերը դրանում համոզվեցին Հին Թաղեր-Խծաբերդում, Փառուխում, Բերձորում, Ջերմուկում, այլուր։ Այս ծրագրերում ՌԴ առաջնային շահագրգռությունը չեն թաքցնում արդեն Մոսկվայում ու Բաքվում, չի թաքցնում նաեւ ռուս-թուրքական ծրագրերի ագենտի գործառույթներն իրականացնող ՀՀ իշխանությունը։
Ինչպես նշվեց վերը, Իրանի հայտարարությունները պետք է դիտարկել առավել լայն կտրվածքով։ Իրանը եւ Հայաստանն այս տարածաշրջանի իրական տերերն ու բնիկներն են, եւ որեւէ այլ ներկայություն արդեն «երրորդ երկիր» է (Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ հազարամյա կապի ոչնչացումը՝ Թեհրան)։ Իրանը Հայաստանին ու հայերին հասկացնում է իրենց իրավունքների ու իրական արժեքի մասին։ Իրանը հայերի հանդեպ չունի այն բարդույթները, որոնք ունեն ռուսներն ու թուրքերը եւ որոնք ամեն ինչ անում են հայերի մեջ անզորության, անելանելիության զգացում սերմանելու համար, երեւանյան իրենց ագենտուրայի ու քարոզչական ցանցի միջոցով։ Համակերպվեք ձեր վախճանին՝ ահա ռուսների ու թուրքերի նորօրյա պատգամը հայերին։ Մենք ենք այստեղ ու մենք պիտի որոշենք՝ ասում է Իրանը հայերին։
Իրանն ու Հայաստանը դեռ վերաձեւելու են ռուս-թուրքական «Ադրբեջանը» որպես շրջանում ներդրված անկայունության, սադրանքների, ցեղասպանության աղբյուր։
Lragir.am