Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Սյունիքից

Հոկտեմբերի 23-ին  Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի  հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և ուրիշներ։

Մարզպետարանից հայտնում են, որ, միջազգային փորձագետներին ամենայն մանրամասնությամբ` զեկույցներով, ֆոտո և վիդեո փաստերով ներկայացվել են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները մարզի տուժած բնակավայրերի սահմաններին ու բնակիչների համար, ինչպես նաև այն խնդիրները, որ առաջացել են այդ  վայրերում առկա հատուկ պահպանվող տարածքներում և արգելավայրերում։

Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը սահմանին։

Մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե բնակչության համար կենսական նշանակության ինչպիսի օբյեկտներ են նշանառության տակ վերցվել՝ շեշտելով, որ ի հեճուկս միջազգային հանրության հորդորների՝ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում, որի հետևանքով խախտվում են մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ապրելու իրավունքները․ թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել խաղաղ բնակիչներ, հրետակոծության ենթարկվել քաղաքացիական և շտապօգնության մեքենաներ․․․

Միջազգային փորձագետները հետաքրքվել են սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անվտանգային մի շարք հարցերով, այդ թվում՝ Կապանի օդանավակայանի գործունեությանն առնչվող խոչընդոտներով։

Մարզային իշխանության ուղղորդմամբ ԵԱՀԿ ներկայացուցիչները մեկնել են Շիկահող գյուղ, որտեղ հանդիպել բնակիչներին,  արձանագրել թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակվող մարդկանց կարիքներն ու խախտված իրավունքները։

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս է հայտնել, որ այս փաստերը կընդգրկվեն միջազգային փորձագետների զեկույցներում, և առաքելության անդամների գործունեությունը դեր կխաղա նոր հավանական ագրեսիաների կանխարգելման ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

Please enter a valid URL