Search
Close this search box.

Հայաստանի ոսկե մեդալն ու թուրք ծանրորդի վայնասունը

Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական ոսկե մեդալը նվաճեց:

Երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանը 96 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 367 կգ արդյունք եւ նվաճեց ոսկե մեդալ: Նա նաեւ նվաճեց առանձին վարժությունների երկու փոքր ոսկե մեդալները:

Պոկում վարժությունում պայքարը սկսեց 160 կգ-ով, երկրորդ մոտեցման համար պատվիրված 171 կգ-ը ձախողեց, բայց հաջողությամբ կատարեց երրորդ մոտեցմանը:

Գերլարված ստացվեց հրում վարժությունը, որտեց Եվրոպայի չեմպիոնության համար Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր միայն թուրք Էմրե Օզթուրքը:

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը թուրք մրցակցից առաջ էր 22 կգ-ով: Հրում վարժությունում երիտասարդների կրկնակի աշխարհի չեմպիոնը բարձրացրեց նախ 190, ապա 196 կգ: Թուրք ծանրորդը բավարարվեց 191 կգ-ով, երրորդ մոտեցումն էլ ձախողեց, որի համար պատվիրել էր 197 կգ: Գարիկ Կարապետյանը, չնայած արդեն նվաճել էր չեմպիոնի կոչումը, բայց գնաց նաեւ երրորդ մոտեցման՝ 211 կգ, որը Եվրոպայի երիտասարդական ռեկորդ էր, բայց չկարողացավ հրել:

Պարգեւատրման արարողության ժամանակ Գարիկ Կարապետյանի եւ թուրք ծանրորդի միջեւ լարվածություն առաջացավ: Անհատական բոլոր վարժությունների մեդալները ստանալիս հայ եւ թուրք մրցակիցները դրոշները պարզելիս վիճում էին. Էմրե Օզթուրքին դուր չէր գալիս, որ իրենց հաղթած հայ մարզիկը Հայաստանի դրոշն առջեւում է պահում եւ փորձում էր անընդհատ Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի եռագույնը:

Հայաստանի հիմնը հնչելիս թուրք ծանրորդը հեռացավ պատվո հարթակից, բայց նրա երկրի ներկայացուցիչների խորհրդով վերադարձավ նորից պատվոր հարթակի երկրորդ աստիճանին:

Ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքսեղմումով շնորհավորեց նախ բրոնզե մեդալակրին, ցանկանում էր նաեւ շնորհավորել արծաթե մեդալ նվաճած Էմրե Օզթուրքին, բայց թուրք ծանրորդը ձեռքը չմեկնեց: Պատվո հարթակին Կարապետյանի եւ Օզթուրքի միջեւ հրմշտոց սկսվեց, ինչն անմիջապես կանխվեց հայ մարզիչների եւ կազմակերպիչների կողմից:

96 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Էրիկ Կառլ Ջոն Վիկինգսոնը (331, 150+181):

Please enter a valid URL