Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւ, որով պահանջվում է պատժամիջոցներ ընդունել Բաքվի դեմ՝ «այդ թվում՝ ադրբեջանական ղեկավարների գույքի բռնագրավում և էմբարգո Ադրբեջանից գազի ու նավթի արտահանման վրա», դուրս բերել Բաքվի զորքերը Հայաստանի տարածքից, անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին, դիմել միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»:
Բանաձևի նախագծում դատապարտվում է Բաքվի ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավային և հարավարևելյան շրջաններում»:
Նախագծով վերահաստատվում է նաև 2020-ի նոյեմբերի 25-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւը, որն ընդունվել էր ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներում: Այդ բանաձեւով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ պահանջում Բաքվի զորքերը դուրս բերել «այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում»:
Նոր բանաձեւի նախագծում Բերձորի միջանցքի գրավման շեշտադրումը որպես Բաքվի ագրեսիա եւ երկու տարի առաջ ընդունված բանաձեւի վերահաստատումը նշանակում են ոչ միայն Արցախի սուբյեկտության ճանաչում, այլեւ Արցախի օկուպացիայի իրողության ընդգծում։ Այսինքն, Արցախը չի համարվում «Ադրբեջանի» տարածք, ինչպես պնդում են Պուտինը, Էրդողանը, Ալիեւը եւ Փաշինյանը։
Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը եւ ԱԳ նախարարը կոշտ հայտարարություններ են արել Ռուսաստանի դեմ, կասկածի տակ դնելով նրա միջնորդությունը եւ ըստ էության մեղադրել Հայաստանի դեմ ագրեսիան առաջնորդելու համար։ Պուտինն ու Ալիեւն իրենց հիստերիկ պատասխաններով ընդամենը հաստատեցին այդ իրողությունը։
Իր հերթին, Իրանը պարբերաբար հայտարարում է աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, որոնցում նկատելի են ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ ԼՂԻՄ վարչական սահմանների եւ Նախիջեւանի սահմանի վերաբերյալ շեշտադրումները։ Իրանը հայտարարել է նաեւ, որ պատրաստ է ուժ կիրառել նման փորձերի դեպքում, այդ թվում՝ երկրի սահմաններից դուրս։ Հայաստանի դեմ արշավում Արցախի հարավային շրջանների օկուպացիան եւ Սյունիքի օտարման ռուս-թուրքական տանդեմի ծրագրերն ուղղված են նաեւ Իրանի դեմ։
Մինչ քպ-ական իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ այլընտրանք չկա, ամեն ինչ վերջացած է, Արցախն անհնար է պահել, հայկական իրավունքներն ու պահանջներն անիրատեսական են, հայկական գործոնը որեւէ կշիռ չունի եւ այլն, քաղաքական իրողությունները լիովին այլ են եւ այլ ընդգրկում ու տրամաբանություն ունեն։ Դրանք հայկական կողմից պահանջում են համարժեքություն ու քաղաքական հայտի ձեւակերպում։ Քպ-ական իշխանությունը վաղուց վեր է ածվել ռուս-թուրքական տանդեմի «հատուկ հանձնարարություններով ագենտի», որի խնդիրն է հայկական շահերի եւ օրինական պահանջների չեզոքացումը եւ հայերի դիմադրողականության ոչնչացումը։
Իսկ հայկական գործոնը եւ Հայաստանի հնարավորությունները ոչ մի տեղ չեն կորել։ Հայաստանը Իրանի հետ դեռ վերաձեւելու է «Ադրբեջանը», ռուս-թուրքական տանդեմը տվել է դրա բոլոր օրինական հիմքերը։ Եվ ռուս-թուրքական տանդեմին չեն օգնելու ոչ քպ-ական, ոչ էլ ռուսա-թուրքանպաստ այլ ագենտուրային խմբերը։
Lragir.am