Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում հայտարաել է, որ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը միասնական չդիտարկելը սխալ է և վտանգավոր։
Մեկնաբանելով ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե Հայաստանն այլևս ռեսուրս չունի պաշտպանելու Արցախը՝ Բեգլարյանը պատասխանել է. «Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը ամբողջական շահերի և արժեքների համախումբ են, և մեկ միասնական հայրենիքում ենք մենք գտնվում։ Մեր խնդիրները միասնական են, մեր լուծումները պետք է լինեն միասնական։
Արցախը Հայաստանի Հանրապետությունից անջատված դիտարկելը բավականին վտանգավոր է և սխալ է։ Համազգային ամբողջ ներուժը պետք է միավորենք, որպեսզի կարողանանք դժվարին մարտահրավերները հաղթահարել»։
Ըստ Բեգլարյանի՝ մեզ սպասվող երկարատև և ոչ հեշտ պայքարում պետք է լինենք հետևողական, սկզբունքային, առաջնորդվենք ռազմավարական մտածելակերպով։