ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: Անդրեյ Կովաչեւը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ: <<Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք>>,- հավելել է նա:
«Մենք վաղուց եւ բազմիցս զգուշացնում ենք ադրբեջանական կողմից նոր պատերազմի մասին եւ մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ»,- ի պատասխան՝ նշել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման: Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին: