Search
Close this search box.

Բաքուն սպառնում է ԵԱՀԿ-ին

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրում է «Ադրբեջանի հետ չհամագործակցելու» մեջ և սպառնում չքննարկել կառույցի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

«Փոխանակ հասնեն խաղաղության հաստատմանը, ներդրում ունենան տարածաշրջանում վստահության ամրապնդման հարցում, հրաժարվում են համագործակցել Ադրբեջանի հետ և նախապատվություն են տալիս «կարիքների գնահատման» միակողմանի այդ առաքելությանը՝ արդեն նախապես որոշված նպատակներով ու արդյունքներով։ Դա հակառակ արդյունքն է տալու», — ասվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության անունից ԵԱՀԿ մշտական խորհրդում կազմակերպության 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ տարածված հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ-ն հանդիսանում է 57 պետություն-մասնակիցների ընդհանուր ակտիվը։ Մենք դեմ ենք լինելու ԵԱՀԿ փաստաթղթերի ու որոշումների կոպտագույն խախտումներին ու անտեսմանը և դեմ ենք լինելու համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի», — հայտարարել է միջազգային կառույցում ադրբեջանական ներկայացուցչությունը՝ սպառնալով չքննարկել ԵԱՀԿ-ի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս, երեկ արձագանքելով ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին, հայտարարել է, թե այդ որոշումը ԵԱՀԿ որևէ կառույց չի քննարկել և որոշում չի կայացվել։ «Հայաստանի կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, որևէ կերպ չի կարող ասոցիացվել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Պաշտոնական Երևանի հրավերով ԵԱՀԿ-ը հոկտեմբերի 21-ին կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան: ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է: Տեխնիկական թիմի կազմում կլինեն միջազգային փորձագետներ ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Please enter a valid URL