Search
Close this search box.

Արտակարգ և ռազմական դրության ժամանակ ներմուծվել են չգրանցված, բայց ՀՀ-ում արտադրվող դեղեր

Արտակարգ և ռազմական դրության պայմաններում ՀՀ ներմուծվել են չգրանցված դեղեր և եղել են այնպիսիները, որոնք բավարար քանակով արտադրել են նաև տեղական ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դեղ արտադրողների միության նախագահ Թագուհի Փիրուզյանը։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ աշխատում են որոշ դեղերի գրանցման մեխանիզմները պարզեցնելու և ժամկետները կրճատելու վրա։

«Միության անդամ ընկերությունների արտադրատեսականու մեջ ներառված դեղերի ապահովման հետ կապված խնդիր արտակարգ և ռազմական դրության ժամանակ Հայաստանում չի եղել։ Չգրանցված դեղերի ներմուծման դեմ առանց որոշակի վերապահումների պայքարելը սխալ է, քանի որ առողջապահական համակարգը հենց ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում կարող է կոլապսի առջև հայտնվել։ Հնարավոր է՝ նման դեպքերում մարդկային կյանք փրկելու համար պահանջվի չգրանցված դեղ ներմուծել»,- նշեց Փիրուզյանը։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այլ է՝ պետք է թույլ չտալ ներմուծել այնպիսի չգրանցված դեղեր, որոնք բավարար քանակով առկա են ՀՀ շուկայում։ Հայկական դեղարտադրողների միությունը Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ընթացքում խնդրել է, որպեսզի օրենքում հստակ լինի այդ կարգավորումը։

Խոսելով Հայաստանում դեղարտադրության մասին, Փիրուզյանը շեշտեց՝ ոլորտը բավականին բարձր մակարդակի է։
«Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում 13-14 դեղարտադրող ընկերություն կա, սակայն խոշորագույնները մեր միության անդամներն են։ Դրանք 9-ն են և արտադրում են տարբեր դեղորայքներ։ Ընկերություններից մեկն արտադրում է ՀՀ հիմնական դեղերի ցանկի 60 տոկոսը, մյուսը՝ աչքի կաթիլներ, ներերակային ստերիլ դեղամիջոցներ, իսկ մեկ այլ ընկերություն էլ՝ օշարակներ, մոմիկներ և ոգեթուրմեր»,- ասաց միության նախագահը։

Փիրուզյանը նկատեց, որ ՀՀ շուկայում ներմուծված արտադրանքի կողքին տեղական արտադրանքը կազմում է 16 տոկոս։ Նա շեշտեց, որ հայկական արտադրության 50 տոկոսից ավելին արտահանվում է։
Նշենք, որ չգրանցված դեղերի ներմուծման գործընթացում վերջին տարիներին այլ փոփոխություններ արվել էին՝ ֆիզանձինք իրենց կարիքների համար կարող են արտերկրից դեղամիջոցներ ներկրել, ինչը նախկինում արգելված էր։

Please enter a valid URL