Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանում է Երեւան։ Նախօրեին հրապարակվել է Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված նրա հարցազրույցը, որտեղ ի մասնավորի իրանցի նախարարն ասել է, որ Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։
«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել», ասել է Աբդոլլահիանը։ Նա նաեւ ասել է, որ վտանգը ներկայում էլ կա, եւ Իրանի զինուժը զորավարժություններ է սկսել երկրի հյուսիսային սահմաններին, Արաքսի երկայնքով։
Իրանի առաջին դեմքերը բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տալոի Հայաստանի եւ Իրանի աշխարհքաղաքական սահմանի փոփոխությունը։ Ընդ որում, իրանական շեշտադրումներում աշխարհքաղաքական սահմանը վերաբերում է նաեւ նախկին ԼՂԻՄ վարչական սահմանին եւ Նախիջեւանին։
Թուրքերի հետ համաձայնությամբ ու առաջնորդությամբ Արցախի հարավի օկուպացիային եւ Իրանի հետ ՀՀ սահմանը վերացնելու Ռուսաստանի շահագրգռության մասին խոստովանել էր անգամ Նիկոլ Փաշինյանը։ Թեհրանում Էրդողանին ու Պուտինին ընդունելով, Իրանի հոգեւոր առաջնորդը նրանց զգուշացրել էր, որ Իրանը հակազդելու է այդ փորձերին։ Ինքը Աբդոլլահիանը 2021-ի հոկտեմբերի 26-ին Մոսկվայում համատեղ ասուլիսում ուղիղ հարց էր տվել Լավրովին՝ Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը։ Լավրովը մինչ օրս չի պատասխանել, հին ռուսական ասացվածքի համաձայն՝ լռությունը համաձայնության նշան է։
Իրանցի պաշտոնատարների հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի հարավի օկուպացիայի ռուս-թուրքական ծրագրերն արագացվում են։ Հատկապես այժմ, երբ Ռուսաստանը Թուրքիայի տնօրինությանն է հանձնել իր էներգակիրները եւ տնտեսության ամբողջական հատվածներ, եւ նրան անհրաժեշտ է ուղիղ ցամաքային կապ Թուրքիայի հետ։
Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավն, ինչպես նաեւ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի ընդլայնված կիրառմամբ վերաթարմացման ծրագրերն ուղղված են հավասարապես Իրանի դեմ։ Պատահական չեն ռուսական ու Բաքվի մամուլում Իրանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ հրապարակումները, որոնց բովանդակությունն ու թեզերը հուշում են, որ դրանք ձեւակերպվում են նույն կենտրոնում։ Այս քարոզչական արշավն ուղեկցվում է Իրանի դեմ սադրանքներով, որոնցից ամենաթարմը Ուկրաինայում ՌԴ կողմից իրանական անօդաչուների կիրառման շուրջ բարձրացված աղմուկն է, Իսրայելի անթաքույց մասնակցությամբ։ Թիրախը Իրանն է եւ նրա միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ համաձայնագրի տապալումը։
Այսօր ՀՀ հարավի մյուս շահառուն՝ Էրդողանը, մեկնել է հայկական օկուպացված Կովսական եւ մասնակցել օդանավակայանի բացմանը։ Իրանի սահմանի երկյանքով օդանավակայանները կառուցվում են Իրանի դեմ ռազմական ագրեսիայի նպատակներով, եւ դրա մասին բացահայտ խոսվում է Բաքվի ալիքներով։ Բացի այդ, Արցախի օկուպացված հարավում իսրայելական կազմակերպությունները «սմարթ-գյուղերի» ինչ որ ծրագիր են իրականացնում, որի իրական նպատակները նույնպես պարզ են։
ՌԴ-թուրքեր-Իսրայել շահագրգռությունը Հայաստանի եւ Իրանի սահմանը ոչնչացնելու հարցում ակնհայտ է։ Իրանի եւ Արեւմեւտքի ջանքերը Հայաստանում անհրաժեշտ աջակցություն չեն գտնում․ ՀՀ իշխանությունը իրագործում է ռուս-թուրքական ագենտուրային ծրագիրը, փորձելով չեզոքացնել ռուս-թուրքական աքցանից դուրս գալու բոլոր հնարավորությունները։
lragir.am