Search
Close this search box.

Նորից հիշեցնում եմ, որ ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից․Աղաջանյան

Նորից հիշեցնում, նշում և արձանագրում եմ, որ ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում, այո, ՀՀ-ն զրկվել է ռազմական միջոցով արցախցիների իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Դրանով է պայմանավորված նոյեմբերի 9-ի պայմանագրում ռուս խաղաղապահների մասին կետը և նրանց ներկայությունը Արցախում, այլապես նրանք չէին լինի Արցախում։ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում։ Պետք է շատ հստակ, իրատեսական գնահատենք ռեսուրսները, որ կան սեղանին, խոսքը քաղաքական, դիվանագիտական ռեսուրսների, միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է»,- ասել է Աղաջանյանը։

Աղաջանյանը նշեց, որ այս մասին նաեւ տեղեկացրել է ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպմանը եւ ընդգծել, որ եթե միջազգային մեխանիզմներ չգործեն Արցախում, ապա անխուսափելի կլինի էթնիկ զտումը, իսկ լավագույն դեպքում մասսայական արտագաղթ տեղի կունենա:

Աղաջանյանի խոսքով` Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել Հայաստանին, իրենց նպատակներում շատ ուղիղ են, շատ հստակ, երբ հայտարարում են, որ ՀՀ հետ Թուրքիայի հետ հարաբերությունները համակարգում են Ադրբեջանի հետ։

«Սա խնդրահարույց է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացման համար Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով Հայաստանը պետք է ջանք գործադրի միջազգային հանրության առավելագույն ներկայացվածություն ապահովելու համար։ Ազդեցիկ քաղաքական միջնորդի առկայությունը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ Հայաստանը զինվի, ռեգիոնալ ուժերի բալանսը վերակագնվի, սակայն դա երկարաժամկետ գործընթաց է։ Այս պահին մեզ պետք են քաղաքական լուծումներ, քաղաքական մեծ ազդեցություն ունեցող միջնորդներ, որոնք երաշխավորեն պայմանավորվածությունները»,- ասաց Աղաջանյանը։

Please enter a valid URL