ԵՄ տեխնիկական առաքելության պատվիրակության անդամները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Վարդենիս համայնքի բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ռազմական քարտեզի, ինչպես նաեւ դիտարկող սարքերի օգնությամբ ներկայացրեց 2021 թվականի մայիսի 12-ին եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացած իրավիճակը եւ ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի հանրապետության տարածք ներխուժելու իրական փաստերը։ «Ադրբեջանը ինչպես 2021, այնպես էլ 2022 թվականներին մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանները եւ մի քանի ուղղություններով մեր տարածք մխրճվել մի քանի կիլոմետրով։ Ադրբեջանի զինուժի ներկայությունը ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, խաթարում նրանց բնականոն կյանքը եւ կենսագործունեությունը»-ներկայացրեց Վահրամ Գրիգորյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հավաստմամբ` ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն։