Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Դատարանի կայացրած որոշման առնչությամբ Ալեքսանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։
«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների եւ դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձեւավորելուն (ինչպես եւ խոստացել էին)։
Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱաԾ-ի կողմից ձերբակալելը եւ կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել եւս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին եւ դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ եւս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։
Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։