ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է.
«Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»:
Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին:
Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար:
Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր: