Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չիբացառում, որ իրենք կսատարեն իշխող Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածուին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է սատարեն ՀՀ նախագահի՝ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է:
«Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ծառուկյանը:
Նա հավելեց, որ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց իրենց և առանց «Ելք» խմբակցության ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու և ընտրել:
«Եթե մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը տվել է լիարժեք հնարավորությունը, որպեսզի նրանք առաջադրեն և ընտրեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության առաջնորդը:
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ մենք քննարկում և խոսակցություն չենք ունեցել»: