Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վեոլիա Ջուր»-ը և Ադրբեջանը Հայաստանին կապիտուլյացիայի են ենթարկել:
Ի՞նչ կլինի, եթե, օրինակ՝ Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ Լե Շատոյում 36 ժամով, ամիսը մեկ կամ մի քանի անգամ բնակիչների ջուրն անջատեն: Անունն էլ դնեն՝ «պլանային աշխատանքներ»:
Ինչու՞ եմ որպես օրինակ հենց ֆրանսիական մեծ և փոքր քաղաքները հիշատակում: Որովհետև, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը ֆրանսիական ծագում ունեցող չգիտեմինչ է: Կարո՞ղ էր արդյոք վերջինս 36 ժամով ջրազրկեր Ֆրանսիայի մի հատվածը: Իհարկե, չէր կարող: Նախ՝ որովհետև Ֆրանսիան հարգում է իր քաղաքացիներին: Դրանից բացի՝ Ֆրանսիան թույլ չէր տա կասկածելի ծագումնաբանություն ունեցող չգիտեմինչին մոտ գալ ջրային տնտեսությանը, անգամ, եթե այդ չգիտեմինչի հիմնադիրը ծագումով ֆրանսիացի լիներ:
Հայաստանում սրանց ամեն ինչ թույլատրված է: Սրանք կարող են ոչ միայն ամիսը մի քանի անգամ 36 կամ 48 ժամով հարյուր հազարավոր բնակիչներին առանց ջուր թողնել, այլև կարող են ընդհանրապես ջուր չտալ: Ո՞վ է սրանց դեմն առնելու:
Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը Հայաստանին կապիտուլյացիայի է ենթարկել: Այլ կերպ չգիտեմինչի այդօրինակ պահվածքը բացատրելն անհնար է: Բա կապիտուլյացիան հո պոզով և պոչով չի լինում:
ՀԳ. Նոր կարդացի, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը հերթական անգամ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը ……….