Տարբեր ճակատներով Հայաստանի և հայ ժողովրդի շահերի դեմ անմնացորդ պատերազմ տվողները հիմա էլ սպառնում են Գագիկ Ծառուկյանին: Սպառնում են քրեական պատասխանատվությամբ, եվրոդատարանով, ու այլ շատ սարսափելի փորձանքներով:
Ով է օրինակ Գարեգին Միսկարյանը`դատավոր, քննիչ, դատախազության աշխատակից, որ սպառնում է Գագիկ Ծառուկյանին քրեական պատասխանատվությամբ, ժամկետ է դնում, ու ժամեր, րոպեներ հաշվում:
Սա պահանջում է, որ Ծառուկյանը համայնքին հանձնի այն հողատարածքը, որի վրա նա պատրաստվում էր կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը: Միսկարյանը սպառնում է, որ եթե չվերադարձնի, նրան քրեական պատասխանատվության կենթարկի:
Գուցե միանգամից ասի նաև պատժաժամկետը, որոշի, թե որ քրեակատարողական հիմնարկում է նա անցկացնելու իր կողմից սահմանված ազատազրկումը: Հավանաբար Միսկարյանը ազատազրկման կդատապարտի, քանի որ քրեորեն հետապնդելի արարքների համար հիմնականում ազատազրկման են դատապարտում:
Հայաստանը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ. հնարավոր է, առաջիկա օրերին ականատեսը լինենք ադրբեջանական հերթական ագրեսիային: Բազմաթիվ հայ մարդիկ չեն կարողանում թաղել իրենց մեռելներին, ունենք հարյուրավոր գերիներ, հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տունն ու առօրյա կյանքով ապրելու հնարավորությունը: Հայ ժողովրդի վրա կախված է լինել չլինելու, պետություն ունենալ չունենալու հարցը: Իսկ ինչով է զբաղված սույն անձը:
Պարզ է.իշխանության հրահանգով սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը`հայ ժողովրդի ուշադրությունը փորձում է շեղել բոլորովին այլ, ոչ այսրոպեական, ոչ էական խնդրի ուղղությամբ: Արդեն մոտ երկու ամիս որևէ մեկը չի խոսում արձանի կառուցումից, Ծառուկյանը ըստ ամենայնի սառեցրել է այդ նախագիծը, ինքն էլ գնահատելով, որ հիմա դրա ժամանակը չէ, հիմա Հայաստանն ու հայ ժողովուրդը այլ խնդիր ունեն լուծելու:
Մինչդեռ սույն Միսկարյանը իր տերերի հրահանգով փորձում է հանրային ուշադրությունը շեղել, ուզում է մանիպուլացնել հասարակությանը: Թե բա դատի կտամ, քրեական պատասխանատվության կենթարկեն, հողերը շուտ հետ տուր համայնքին, թե չէ մինչև եվրոպական դատարան կհասնեմ: Մեկը չկա սրան ասի, հող վերադարձնող ես, գնա Ադրբեջանի կողմիցՀայաստանից գրաված հողերը վերադարձրու, հող վերադրաձնող ես, գնա Շուշին ու Հադրութը վերադարձրու: Թե տերերդ լրիվ ուրշ հանձնարարություն են տվել, թե ձեր կռիվը թուրքի ու ադրբեջանցու դեմ չի, ձեր կռիվը հայի դեմ է, հայկականության դեմ է, մեր հավատքի ու քրիստոնեության դեմ է:
Միսկարյանի տիպերը հայ հանրային կյանքում հայտնվեցին Փաշինյանի կազմակերպած բռնի իշխանազավթման հետևանքով և արդյունքում: Հիմա սրանք սնվում և սպասարկում են Փաշինյանի ռեժիմը: Իսկական քրեական պատասխանատվության պահը կգա, երբ սրանց հովանավորները այլևս չեն լինի: Այ այդ ժամանակ ոչ թե եվրոդատարանը, այլ հայ ազգը սրանցից պետք է հաշիվ պահանջի իրենց չարագործությունների ու հակազգային գործունեության համար: Ու այդ ժամանակ գուցե թե ոչ մեկ, անգամ Գագիկ Ծառուկյանի կառուցացած Հիսուս Քրիստոսի արձանի մոտ աղոթքը սրանց չօգնի փրկվել հայ ազգի և երկնային արդար դատաստանից:
Ամեն․․․
Armlife.am