Search
Close this search box.

Այդպես են գործում անկախ պետության հատուկ ծառայությունները

Նայելով գեղեցիկ ու բարի դեմքով այս տարեց տղամարդուն, առաջին հայացքից կարող ես ենթադրել, թե լուսանկարում պատկերված անձը երկար տարիներ դպրոցում, ասենք, աշխարհագրություն դասավանդած ուսուցիչ է կամ, խորհրդային ժամանակների մի ինչ-որ ոչ էական հիմնարկության «պրոֆմիության նախագահ»: Սակայն… Հայացքը հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ ու միարժեք չէ: Իսկ երբ տեղափոխվում ես մյուս՝ 1921թ. փետրվարյան ապստամբության օրերին արված լուսանկարին և հայտնվում ես այդ «բարի դասատուի» սուր, ամենաթափանց ու ամենատես հայացքի ներքո, հասկանում ես, որ իրականում գործ ունես չափազանց խիստ ու կարծր մի կառույցի` չափազանց խիստ ու կարծր ղեկավարի հետ: Լուսանկարներում պատկերված անձնավորությունը ԼԵՎՈՆ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆՆ է՝ 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության «քոթուկ հենասյուներից» մեկը, երկրի քաղաքական հետախուզության և պահեստի միլիցիայի ղեկավարը: Կամ, այսօրվա լեզվով ասած՝ այն օրերի Հայաստանի ԱԱԾ պետը:

Ի տարբերություն մեր օրերին մեզանում գործող ծաղրանկարային այդ ծառայության գործունեության, երբ հնարավոր է դառնում ԱԱԾ պետի և երկրի առաջին դեմքի գաղտնալսումն ու դրա հետագա հանրայնացումը, երբ հնարավոր է, երբ երկրիդ ԱԱԾ պետը իրեն հայտարարի Հայաստանին օտար և քանիցս գործով ապացուցած ոչ բարեկամ երկրի հատուկ ծառայությունների հաստիքային ծառայող, Լևոն Քալանթարյանը պարզապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Նրա ղեկավարած կառույցը և երկրի զինվորական հետախուզությունը մոտ երկու տարի իրենք են մշտապես գաղտնալսել Հայաստանի թշնամի պետության՝ այդօրվա Ադրբեջանի ղեկավարության և Հայաստանում այդ պետության ներկայացուցչության ամբողջ գրագրությունն ու տեղեկատվությունը և ներկայացրել այն Հայաստանի քաղաքական ղեկավարությանը:

Ավելի պարզ. այն պահից սկսած, երբ 1918թ.Հայաստանի Հանրապետությունում բացվել է անկախ Ադրբեջանի ներկայացուցչությունը, հայկական հատուկ ծառայությունները և զինվորական հետախուզությունը կարողացել են ձեռք բերել Ադրբեջանի կառավարության և Երևանում այդ երկրի ներկայացուցչության միջև ընթացող գաղտնի գրագրության գաղտնազերծման բանալին և ընդհուպ մինչև Ադրբեջանի խորհրդայնացումը, երբ այդ բանալին փոխվեց բոլշևիկների կողմից, ադրբեջանական կողմի ամբողջ գաղտնի նամակագրությունն ընթացել է Հայաստանի համապատասխան մարմինների «զգոն ուշադրության» ներքո: Ինչը, բնականաբար, հսկայական դեր է խաղացել երկրի անվտանգային բնագավառում:

Ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, 1920թ. ամռանը հայկական կողմը այդ նամագրությունը նույնիսկ հրապարակել է համակովկասյան ռուսալեզու բաց մամուլում: Զինվորական հետախուզության հետ համագործակցելով վնասազերծվել է նաև եվրոպացի խոշոր ադրբեջանական լրտես:

Այդպիսին է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության որոշմամբ ստեղծած և Լևոն Քալանթարյանի ղեկավարած անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների գործունեության հիշարժան ու կարևոր էջերից մեկը: Այդպես են գործում անկախ պետության հատուկ ծառայությունները:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL