«Իրանի ռազմաօդային ուժերը Ադրբեջանի սահմանի վրա երեկ արդեն պարեկություն են արել, ոչ պաշտոնական լուր կա , որ երկու կիլոմետր խորությամբ են թռել։ Այնպես չէ, որ Ադրբեջանում հիմա առկա կուտակումները միայն Հայաստանի համար են, դրանք հիմնականում իրանի համար են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հայտարարությունների մակարդակով դրսեւորվող փոխհրաձգությանը։
Իրանագետը նշում է՝ Իրանի համար խնդիրը ոչ միայն Հայաստանն է, այլ հենց իր սահմանների պաշտպանությունը եւ իրանական տարածքային ամբողջականությունը, որը այսօր թե Ադրբեջանի, թե Իրաքի Քրդստանի, թե Պակիստանի սահմանին՝ բելուջների միջոցով փորձ է արվում խաթարել։
Նշենք, որ Թեհրանից շարունակվում են զգուշացումները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր փոփոխության դեմ։ Այդ մասին կրկին խոսել է Իրանի նախագահը ՝ Աստանայում։
«Անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով, անընդունելի է Իրանի սահմանների մոտ»,-հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Իսկ Ադրբեջանը պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի շուրթերով անգամ Իրանին սպառնացել է Իսրայելի Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի հրթիռներով։
«Շատ բնական է, որ Իրանը պետք է իր զգոնությունը բարձրացնի եւ անգամ հիմա, որ զորավարժություններ են անցկացվում, դրան է միտված»,-նշում է իրանագետը։
Մասնագետը չի բացառում Իրան-Ադրբեջան բախման հավանականությունը եւ նշում է, որ Իրանի դեմ հնարավոր ոտնձգությունը կարող է կատարվել Ադրբեջանի տարածքով։
«Ադրբեջանն ինքն իրենով ոչինչ է, որ ուզենա Իրանի դեմ ինչ-որ բան անել, բայց եթե կարդանք Իրանի ազգային անվտանգության հայեցակարգը, իրենց համար ամենակարեւորագույն սահմանը համարվում է հյուսի-արեւմտյանը, որտեղ ամենաբարձր սպառնալիքն է։ Արդեն մեկ շաբաթ է՝ Իրանը հրթիռակոծում է Իրաքի Քրդստանի շրջանը, երբ լուր տարածվեց, որ այնտեղ 17 հազար քուրդ զինյալներ են հավաքվել, հիմա Իրանը փորձում է դա չեզոքացնել ու հաջորդը լինելու է ադրբեջանական կողմում, որտեղ արդեն սահմանին զորավարժություններ են անում ու երեկ էլ իրանական կործանիչները փորձել են սահմանին պարեկություն անել»,-ասաց Առաքելյանը։
Իրանագետի խոսքով, տարածաշրջանում զարգացումները մեծ գլոբալ ծրագրի մասն են, նույն 44-օրյա պատերազմը, Հարութ Արթին Առաքելյանի խոսքով, այդ ծրագրի մի մասն էր եւ այնպես չէ, որ Իսրայելի, Թուրքիայի եւ Պակիստանի օգնությունը բացառապես Հայաստանի դեմ էր ուղղված, ըստ մասնագետի, նրանց գլխավոր նպատակը Իրանը շրջափակելն է։ Ըստ մասնագետի, հիմա Իրանը Լիբանանում ունի Հզբոլլահի աջակցությունը, որը նաեւ Իսլայելի համար է զսպող միջոց եւ բնական է, որ հիմա Իսրայելն իր ուժերը Ադրբեջանում է կուտակում՝ Իրանի դեմ օգտագործելու նպատակով։
«Այդքան զինամթերքը , որ գալիս է Իսրայելից, չի գալիս «պարտված» Հայաստանի համար, այդ ամենը այլ նպատակ ունի։ Մենք ամիսներ առաջ տեսանք, որ իրանական կորպուսը հրթիռներով ոչնչացրեց Իրաքի Քրդստանի կենտրոնը, որը Մոսադի կենտրոնն էր Իրաքի Քրդստանում եւ բնական է, որ Իրանը, տեսնելով, որ Ադրբեջանում է կուտակում լինում, պիտի զգոնությունը բարձրացնի։ Մենք էլ այդ խաղի մեջ ենք, որովհետեւ Սյունիքի կորուստը լինելու է այդ ծրագրի մի մասը, որը Իրանը փորձում է թույլ չտալ՝ լուծելով իր անվտանգային խնդիրը, սատար կանգնելով Հայաստանին։ Եթե Սյունիքը հայկական չլինի, Իրանի համար չի լինի այն վստահելի, ապահով սահման, սակայն մեր իշխանությունը չի օգտվում այդ հնարավորությունից եւ չի գնում՝ Իրանի հետ հարաբերությունները ռազմավարականի բարձրացնելու ճանապարհով»։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում՝ Իրանի դիրքորոշմանը, իրանագետն ասաց․«Նման դիտորդները սահմանային ամբողջ անցուդարձը զեկուցելու են իրենց կենտրոն եւ շատ բնական է, որ զեկուցելու են նաեւ Իրանի սահմանի անցուդարձը եւ բնական է, որ Իրանի չի ցանկանալու, որ այսպես ասած, արեւմտյան լրտեսները կամ դիտորդները նստած լինեն իր սահմանին»։
Ըստ մասնագետի, Հարավային Կովկասից հետո հաջորդ թեժ կետերը լինելու են Կենտրոնական Ասիան եւ Իրանը։
«Կենտրոնական Ասիայում շատ ինտենսիվ զարգանում են ահաբեկչական խմբավորումները, օրինակ՝ «Իսլամական պետության»՝ Խորասան կոչված մասնաճյուղը, որը լայնորեն քարոզում է Կենտրոնական Ասիայի երկրներում՝ մինչեւ Տաջիկստան եւ Ուզբեկստանի սահման, որովհետեւ պանթուրքիստական միջանցքի հիմնական խոչընդոտը, որի մեջ նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է ներառվում, Հայաստանն ու Տաջիկստանն են՝ երկու երկիր, որոնք թուրքական չեն եւ հիմա այդ երկրների հարցերն են լուծվում՝ լինի ահաբեկիչներով, թե այլ ճանապարհով։
Ուստի, ՀԱՊԿ-ը, թեկուզ ուշացած, պետք է փորձի վերաբերմունք փոխել, հակառակ դեպքում մեր երկիրը եւ նման այլ երկրներ, որոնք ՀԱՊԿ-ի վերաբերմունքի հետ կապված խնդիրներ կունենա, կօգտագործվեն Արեւմուտքի կողմից եւ հասարակության ճնշումը կգործադրվի հենց պետությունների հանդեպ։ Հասարակությանը չի քարոզվում, որ օրինակ, ՀԱՊԿ-ի փոխարեն կորող ես Իրանին դիմել, քարոզվում է, որ կարող ես դիմել Արեւմուտքին, մինչդեռ, Տաջիկստանը Իրանին դիմեց եւ վերջին սահմանային բախման ժամանակ շրջադարձ տեղի ունեցավ։ Տաջիկստանը իրանական զենքով կարողացավ հուժկու հարված տալ Ղրղսզտանին, որը օգտագործում էր թուրքական բայրաքթարները»,-եզրափակեց Հարութ Արթին Առաքելյանը։
Աղբյուր` Փաստինֆո