Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքը մեջբերել է «Miran Press» գործակալությունը։
«Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության և միջամտության, և մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։
Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նշել է, որ երբ ինքն արտաքին գործերի նախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել և նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։
«Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարևանների միջև հակամարտությունից, միջամտում էին և խնդիրներ ստեղծում»,–նշել է նա։
Ալի Աքբար Վելայաթին նաև հայտարարել է, որ հարևան երկրների միջև սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը և կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ–ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն և կոշտ միջամտության են դիմում։