Search
Close this search box.

Եվրոպացի պաշտոնյան ասել է` որն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության նպատակը

Հայաստանի կողմից սահմանին տեղակայվող ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է գնահատել, թե կարելի է արդյոք ֆիքսել այդ սահմանի կարգավիճակը։ Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողներին հայտնել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Գաղտնի մնալու պայմանով նա ներկայացնելով հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգը, որը նախատեսում է քննարկել միության մասնակցությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Նրա խոսքով` հոկտեմբերի 17-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարների կողմից կարևոր որոշում կընդունվի այդ առաքելության ստեղծման վերաբերյալ, որն առաջարկել է Ժոզեպ Բորելը, որպեսզի աջակցի կայունությանն ու վստահության ամրապնդմանը:

«Հիմա կողմերը դիմում են մեզ։ Նրանք այնպիսի զգացողություն ունեն, որ մենք կարող ենք այն դերակատարումը ունենալ, որը մինչ այժմ Ռուսաստանն է ունեցել։ Քաղաքական առումով այս հարցը շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից»,- նշել է ԵՄ դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ այսօր Երևան է ժամանել տեխնիկական առաքելությունը, որի խնդիրն է հոկտեմբերի վերջին հայկական կողմում եվրոպական դիտորդների տեղակայման նախապատրաստումը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

Please enter a valid URL