Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստեֆան Մյուլեր-Ալտերմատն այս մասին ասաց Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է Շվեյցարիան պատժամիջոց կիրառի Ադրբեջանի դեմ:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանին նախ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Կարծում եմ, որ սա ամենակարևոր հարցն է, որ այստեղ հաջորդ ամիսների ընթացքում պետք է արծարծել: Շվեյցարիան պետք է լինի այն պետություններից մեկը, որ պետք է հստակորեն խոսի այդ մասին: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի քննարկվում. սա առաջին հերթին պետք է հայտարարվի»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելուն, պատգամավորն ասաց, որ բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառվել են մյուս հակամարտություններում, օրինակ, ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում, կասկած չկա, որ պետք է կիրառվեն հատկապես Ադրբեջանի պարագայում:
«Եվ չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց որևէ պատժամիջոցների: Կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը՝ բոլոր ագրեսորներին պետք է միևնույն կերպ վերաբերվել: Շվեյցարիան ունի Ադրբեջանի շատ արժեթղթեր, և մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասկանան, որ Շվեյցարիան ուղղակի անվտանգ ու ապահով տեղ չէ, որտեղ պահես քո գումարները, որով այնուհետև գնում ես զենքեր ու կռվում ես Հայաստանի դեմ: Սա մենք պետք է անենք»,- ընդգծեց պատգամավորը:
Շվեյցարիայի մյուս պատգամավոր Միշել Մաթերը իր հերթին նշեց, որ հոկտեմբերի 14-ին Ժնևում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը: «Այսօր Ժնևում տեղի կունենա քննարկում բանաձևի ընդունման վերաբերյալ, որը կդատապարտի Ադրբեջանի արարքները»,- եզրափակեց Միշել Մաթերը: