Search
Close this search box.

Ալիևը վիրավորվել է. նա մեկնաբանել է Մակրոնի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը», գրում է Nеws.ru-ն։

Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:

Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։

«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է», և Մինսկի խմբի ծառայությունների «կարիքը չկա», հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր», ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, «մեր տարածքից» ոչ մի սանտիմետր չազատագրվեց», — ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:

France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:

«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։

Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

Please enter a valid URL