«Հրապարակը» գրում է․ «Իշխանություններին հասցեագրված մեղադրանքները, թե ձեռքերը լվացել են Արցախից, ամենեւին էլ անհիմն չեն։ Դա տեսանելի է բոլոր մակարդակներում, եւ դրա դրսեւորումները վերջերս ավելի ցայտուն են երեւում։ Երկուշաբթի օրվանից Երեւանում է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն է, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական Վահրամ Բալայանը եւ նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական Մասիս Մայիլյանը, այսինքն՝ Արցախի արտաքին քաղաքականության ողջ բլոկը: Պատվիրակությունը Հայաստան էր շտապել, որպեսզի առաջին ձեռքից ինֆորմացիա ստանար Նիկոլ Փաշինյանի` հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման եւ պայմանավորվածությունների մասին: Հաղորդվել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ դա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Նիկոլ Փաշինյանի մոտ պիտի հյուրընկալվեր պատվիրակությունը՝ ողջ կազմով, սակայն ՀՀ վարչապետը չի ցանկացել բոլորին ընդունել, որ արցախցիները, իրարով գոտեպնդված, տհաճ հարցեր չբարձրացնեն, եւ նախընտրել է ընդունել միայն Արայիկ Հարությունյանին` նրան տեղեկատվություն փոխանցելու համար: Որոշվել է, որ մյուսներին կընդունեն նրանց հայաստանյան պաշտոնակիցները՝ արտգործնախարարը, ԱԺ նախագահը, ԱԽՔ-ն: Երեւան ժամանելուց մեկ օր անց միայն տեղի ունեցավ Փաշինյան-Հարությունյան հանդիպումը, որի մասին կառավարությունը հարկ չհամարեց անգամ հաղորդագրություն տարածել, մանրամասներ հաղորդել։ Արցախի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հինգ օր է՝ Հայաստանում են, երեկ նրանց նոր սկսել են ընդունել։ Առաջինը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հուսանք՝ հետո չի ասի, որ ընդունել է որպես իր համերկրացիների, ինչպես ասաց Արցախի տոնին մասնակցելուց հետո:
Այսօր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կընդունի արցախյան պատվիրակությանը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա եւ առնվազն 2 օր ուներ արցախյան իր պաշտոնակցին ընդունելու համար, որի հետ մեկ տարուց ավելի է՝ չի շփվել: Սակայն երկու օրվա ընթացքում չի բարեհաճել ընդունել Դավիթ Բաբայանին, տեսնենք` վերադառնալուց հետո կընդունի՞: Կարող էր նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ նույն ինքը՝ դիջեյ Էդոն, իջնել իր բարձունքներից եւ ընդունել արցախյան պաշտոնակցին, կամ` ԱԳ փոխնախարարները կարող էին հանդիպել Երեւան ժամանած պատվիրակությանը։
Երեկվանից իշխանական շրջանակներից ինֆորմացիա ենք ստանում, որ հատուկ չեն հանդիպել, որպեսզի Աստանայում կայանալիք հանդիպումներին էլ մասնակցեն, հետո նոր ամփոփ տեղեկատվություն տրամադրեն արցախցիներին։
Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի իշխանություններն ինչպես պատերազմից հետո հրաժարվեցին Արցախ այցելելուց, եւ երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի այցելել, նույնկերպ Արցախի պաշտոնյաներին են հասկացնում, որ մի եկեք Հայաստան եւ մեզ հետ հույսեր մի կապեք։
Մեզ ասացին, որ պատվիրակության անդամներն անչափ նեղված են իրենց նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքից: Արդեն քանի օր է՝ նրանք անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Մենք զրուցեցինք Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ: Արդյոք ՀՀ իշխանությունների պահվածքը հստակ վերաբերմունք չէ՞ Արցախի ու արցախցիների նկատմամբ։ Նա ասաց` կպատասխանի մի քանի օր անց, երբ պարզ դառնա՝ հանդիպումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Չհերքեց՝ ինքն էլ ուներ տեղեկություններ, որ Փաշինյանը բոլորին պետք է ընդուներ, բայց թե ինչու է հետո ծրագիրը փոխվել, տեղեկություն չունի։ «Ես որքանով տեղյակ եմ, իրենց ասել են, որ Աստանայից վերադառնալուց հետո հանդիպումներ կլինեն, եկեք սպասենք»,- հորդորեց նա։
«Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, մինչդեռ, նկատում է, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ երբեք էլ գործընկերային հարաբերություններ չեն եղել․ «Առաջին իսկ օրվանից եղել է տիրոջ եւ ծառայի կարգավիճակ, իսկ պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն ընդհանրապես խուսափում են շփումից, եթե սկզբում իրենց Արցախ չգալն էր, որ հետո նորմալ սկսեց ընկալվել: Հիմա փաստ է, որ Հայաստանում եւս խուսափում են շփումից։ Փաստ է, որ խորհրդարանների միջեւ չկան հարաբերություններ, խզված է արտաքին գործերի նախարարությունների միջեւ կապը, երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք միայն երկու անձանց փոխհարաբերություններ, նկատի ունեմ՝ Փաշինյան-Արայիկ Հարությունյան, այն էլ՝ ասողի եւ լսողի կարգավիճակում։ Տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան ասել, Արայիկ Հարությունյանը եկել, մեզ է փոխանցել, եւ հասկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ասել այն, ինչ պիտի ասեր, այլ ինչ-որ բան է ասել` հանգստացնելու համար։ Հատկապես ԱԺ նախագահը երբեւէ ջերմ ընդունելության չի արժանացել Հայաստանում, եթե հանդիպումներ եղել են, ապա միայն լուսանկարներ տարածելու համար, որովհետեւ հետո եկել եւ պատմել են, թե ինչ ցածր մակարդակի ընդունելության են արժանացել, երբեմն նույնիսկ նկարագրել են, թե ինչ ստորացուցիչ էին այդ հանդիպումները, եւ ինչ զգացողություններ են եղել իրենց նկատմամբ։ Հետեւաբար, ինձ համար պարզ չէ, թե ինչ ակնկալիքներով են հիմա Հայաստան եկել, գուցե եկել են վերջնական պարզաբանումներ ստանալու, բայց պրահյան հանդիպումներից հետո անզեն աչքով էլ տեսանելի է, որ Փաշինյանը շատ շուտով վավերացնելու է այն, ինչ սկսել է նոյեմբերի 9-ից հետո՝ հանձնելու է Արցախը։ Հիմա գոնե պարտավոր է այդ մասին անկեղծ ասել Արցախի իշխանություններին, որ վերջիններս էլ խոսեն իրենց ժողովրդի հետ։ Գուցե իր համար դժվար էր կանգնել, ԱՀ արտգործնախարարի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի երեսին նայելով խոստովանել այդ մասին ու դրա համար էլ չի ընդունել կամ էլ սպասում է՝ փաթեթով հայտնի Աստանայից հետո։ Մի քանի օր էլ կսպասենք»»