«Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող»: Այս նասին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի երեկվա հարցազրույցին:
«Թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն մեր երկրի ինքնիշխան իրավունքները այլոց հետ չի քննարկելու: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն», — ասել է Հաջիևը:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է. «Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա։
ԼՂ հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծենք, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ կկարողանանք առաջիկայում ձևավորել այս միջազգային մեխանիզմը»: