«Ես և Սարիբեկը միասին ենք մեծացել. շատ լավ բնավորություն ուներ, հանգիստ, ընկերասեր, նվիրված, պատրաստակամ օգնում էր բոլորին, հասարակությանը պիտանի մարդ էր: Ընտանիքի ավագ որդին էր, երկու քույր և մեկ եղբայր ունի: Ես նրանց մասին միայն կարող եմ դրականն ասել, շատ շնորհքով ու աշխատող մարդիկ են: Սարիբեկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ռազմական համալսարան, սիրում էր իր գործը և նվիրված էլ էր հայրենիքի ծառայությանը: Էս վերջին կռվին էլ է մասնակցել, չգիտեմ, կատարվածը մեզ համար էլ է ծանր, շատ ենք ցավում: Սարիբեկը բարձր որակներով մարդ էր, շատ եմ ափսոսում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշի գյուղապետ Նարեկ Մկրտչյանը:
Նրա փոխանցմամբ՝ Սարիբեկ Եղոյանը պատերազմից հետո ծառայում էր Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի զորամասերից մեկում:
Սարիբեկը ծառայության մեջ էր, վերջին շրջանում շատ չէին շփվում, բայց գյուղի հետ կապը միշտ պահպանել է:
«Սարիբեկի հարազատները գյուղում են, ինքը, կինն ու որդին Տավուշում էին, իր գործին նվիրված մարդ էր, հստակ չեմ հիշում, թե պատերազմից առաջ որտեղ էր ծառայում»,- հայտնեց Նարեկ Մանթաշյանը:
Սարիբեկ Գուրգենի Եղոյանը ծնվել է 1990թ.-ի օգոստոսի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ամուսնացած էր, ունի մեկ մանկահասակ որդի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:
gala. tv