Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ դրանք լրացնում են ավելի վաղ ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ հարաբերությունների կարգավորման հիմք դառնան։
«Ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնված տարրերը։ Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել՝ այդ տարրերին ծանոթանալու համար»,-ասել է Բայրամովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացի արձանագրմամբ, խաղաղության պայմանագրի կնքմամբ եւ սահմանների սահմանազատմամբ։