Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Օդեսայից պայթուցիկները մատակարարվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։ ԱԴԾ–ն հրապարակել է նաև Ղրիմի կամրջի վրա պայթեցված բեռնատարի վերջին զննության կադրերը՝ պայթյունից առաջ։
Ըստ հաղորդագրության` ահաբեկչության համար պայթուցիկ սարքն ուղարկվել Օդեսայի նավահանգստից օգոստոսի սկզբին։ Այն քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով՝ 22 770 կգ ընդհանուր քաշով 22 փայտե հարթակով։
Այնտեղից բեռը տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսա քաղաք, այնտեղից` վրացական Փոթի նավահանգիստ և վերջում Հայաստան։ Երթուղու կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն (1975թ.), Դենիս Կովաչը (1979թ.) և Ռոման Սոլոմկոն (1971թ.), Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն և Լևան անունով բրոքերը։ Նրանց աջակցել է ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը (1975 թ.)։
Երբ բեռը հասել է Հայաստան, այն մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, և փաստաթղթերը փոխվել են։ Այդ պահից սկսած բեռի ուղարկողը դարձել է ՀՀ Ալավերդի քաղաքում գրանցված «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, իսկ ստացողը` Մոսկվայում գրանցված «Լիդեր» ՍՊԸ-ն:
Հայաստանից բեռը Վերին Լարսի անցակետով տեղափոխվել է արդեն Վրաստանում գրանցված մեկ այլ բեռնատար մեքենայով։ Հոկտեմբերի 6-ին բեռը հասել է ՌԴ Արմավիր քաղաք, որտեղ բեռնաթափվել է մեծածախ բազայում։ Հոկտեմբերի 7-ին պայթուցիկ սարքը տեղափոխվել է Մահիր Յուսուբովի ավտոմեքենայի մեջ։ Նա ուղևորվել է Սիմֆերոպոլ ու ճանապարհին պայթել Ղրիմի կամրջի վրա։
Պայթուցիկների ողջ տեղաշարժը վերահսկել և հանցագործների հետ շփվել է Ուկրաինայի ՊՆ հետախուզական վարչության աշխատակից ոմն Իվան Իվանովիչ։
Ինչպես արդեն հայտնել ենք, ներկա պահին հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՌԴ 5, Ուկրաինայի` 2 և Հայաստանի 1 քաղաքացի։