ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի երեք քաղաքացու և ՀՀ մեկ քաղաքացու, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է կասկածյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):