Search
Close this search box.

Հայաստանը մեծ սխալ է անում, որը կբերի Հայաստանում մեծ խնդիրների ու լուրջ ողբերգությունների․ Ֆրանց Կլինցեւիչ

Համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որը ենթադրաբար քննարկում են Երեւանը, Բաքուն, Անկարան եւ Վաշինգտոնը։ Ինչպես հաղորդվում էր, փաստաթուղթը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։ Նշվում է նաեւ, որ այս թուղթը Պրահայում Փաշինյանի, Ալիեւի եւ Էրդողանի զրույցի առանցքային թեման է եղել։ Որպես քննարկումների կազմակերպիչ նշվում է Միացյալ Նահանգները։

ՌԴ Դաշնության խորհրդի նախկին անդամ Ֆրանց Կլինցեւիչը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է առաջարկվող փաստաթղթի առավել կարեւոր կետերը։

• Երկու երկրների ԱԳ նախարարները ժամկետի առումով սահմանափակ բանակցություններ կսկսեն՝ մինչեւ օրացուցային տարվա վերջը խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստելու եւ վերջնական տեսքի բերելու համար:

Կլինցեւիչը ափսոսանքով նշեց, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր ավելի շատ նայում է ԱՄՆ-ի կողմը, քան Ռուսաստանի։ «Այս բանակցություններում Հայաստանին օգտագործում են Ռուսաստանին հակադրելու համար։ Հետո Երեւանը կփորձի վերականգնել փոխհարաբերությունները Մոսկվայի հետ, բայց դա անելը չափազանց դժվար կլինի, քանի որ շատ բան կստորագրվի եւ կհայտարարվի։ Հայաստանը չի կարող չորս աթոռի վրա նստել, ուստի պետք է կողմնորոշվել, եւ Երեւանն արդեն կողմնորոշվել է: Այս բոլոր ուղեւորությունները, հայկական էլիտաների աշխատանքը, հակաարդյունավետ են։ ԱՄՆ-ի վերջնական նպատակը Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր շփումների դադարեցումը։

Հայաստանն այսօր բոլոր կողմերից սեղմված է։ Միակ բանը, որն այսօր պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ թույլ է տալիս լինել ինքնուրույն պետություն, դա Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի ուժերի եւ միջոցների առկայությունը։

Հայաստանը մեծ սխալ է անում, որը կբերի Հայաստանում մեծ խնդիրների ու լուրջ ողբերգությունների՝ կապված այն բանի հետ, որ Երեւանը փորձում է խաղալ։ Ահա, Յանուկովիչը խաղաց։ Նա դավաճանեց Ռուսաստանին՝ նրանից ունենալով մեծ աջակցություն եւ փողեր։ Հետո մենք նրան փրկեցինք։ Առաջիկայում, կարծում եմ, նույնը կլինի Հայաստանի հետ»,- նշեց փորձագետը։

• Ադրբեջանի կառավարությունը կնշանակի ներկայացուցիչ, որը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի նմանատիպ ներկայացուցչի հետ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին քննարկում կանցկացնի։ Ներկայացուցիչները կապահովեն քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրության համար։ Կողմերը համատեղ կքննարկեն նաեւ միջազգային դիտորդների դերը՝ առանց Ադրբեջանի ինքնիշխանությանը վնաս պատճառելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբի պաշտպանությունն ապահովելու համար։

Այս կետից ելնելով՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը հասնելու ԱՄՆ-ի փորձերը, Կլինցեւիչի գնահատմամբ, էլ ավելի ակնհայտ են դառնում։ «Այդպես էլ տեղի կունենա, եթե Հայաստանը կատարի ԱՄՆ-ի կամքը, մանավանդ, որ մենք տեսնում ենք «խելացի» եւ վարձատրվող մարդկանց պաշտոնական ելույթները, որոնք այժմ ասպատակում են Ռուսաստանը։

Խաղաղապահների հեռանալուց հետո կհեռանան նաեւ սահմանապահները, եւ Հայաստանի պետական ինքնիշխանությունը կկորչի, իսկ Ռուսաստանը արդեն հետո դա չի շտկի, քանի որ դա պետք է ծայրահեղ կոշտ շտկվի՝ ուժերի եւ միջոցների կիրառմամբ։ Այսօր ես տեսնում եմ նման միտում։ Չգիտեմ, թե ինչով դա կավարտվի, եւ ես ինձ համար հասկանալի չէ այս իրավիճակը: Հայաստանի համար հետեւանքները պարզապես վիթխարի կլինեն, ինչպես միշտ, անում են ամերիկացիները, որոնք ոչնչի հետ հաշվի չեն նստում։ Նրանք միշտ օգտագործել են իրավիճակը, քամել են, իսկ հետո ինչ լինում է թող լինի։

Բանակցային գործընթացի ընթացքում կարելի է փորձել Լեռնային Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակ ստանալու ուղիներ գտնել։ Կա Ղազախստանի օրինակը եւ այն ամենը, ինչ կապված է Բայկանուրի հետ։ Թեեւ ԱՄՆ-ը փորձում է այստեղ ազգային ասպեկտով մարդկանց գտնել, որոնք որոշակի պահանջներ են առաջ քաշում։

Ղարաբաղի հարցով պետք է այս բարդ բանակցային գործընթացը վարել, շփման ընդհանուր կետեր գտնել։ Ինձ թվում է, որ դրանք կարելի է գտնել, թեեւ Ալիեւի վրա մաքսիմալ ճնշում են գործադրում իրենց ազգայնականները, ովքեր պնդում են, որ այդ տարածքը ժամանակին իբր ադրբեջանական է եղել։ Մենք բոլորս պետք է «շնորհակալ» լինենք Լենին պապիկին, որը կազմակերպել է այս չմտածված բաները։ Հետագայում դրանք կարող էին ուղղվել, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մարդիկ կարծել են, որ դա չի խանգարի ժողովուրդների բարեկամությանը եւ դանդաղ գործողության ականներ են տեղադրել։

Ղարաբաղում իրավիճակը ժամանակին արհեստականորեն է ստեղծվել՝ վերցրել ու հայերին տվել են Ադրբեջանին։ Ինչպե՞ս հասկանալ դա: Եվ երբ սկսվեց բաժանումը, այն սկսեց կայծ տալ, բայց այսօր իրավիճակը ոչ մի կերպ փոխել չի հաջողվում։ Կար ժամանակ, երբ խելամիտ քաղաքականություն էր վարվում, խոսքը Ղարաբաղի հարցում Հայաստանի մոտեցման մասին է։ Սրանք ողջամիտ եւ ճիշտ որոշումներ էին։ Բայց դրսից մարդիկ, ովքեր դեմ էին դրան, սպանդ էին ուզում։ Արդյունքում նրանք «քաշել են» մարդկանց, ովքեր ապրում են ականի վրա»,- ընդգծեց նախկին սենատորը։

• Կողմերը պարտավորվել են շարունակել մասնակցել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցության ապահովման երթուղու ստեղծման շուրջ քննարկումներին, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար փոխադարձ ելքը։

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը նույնպես փորձագետը շատ բարդ անվանեց։ «Հայաստանը հետ դիմանա։ Նրան կստիպեն ստեղծել այդ միջանցքը։ Բայց հենց այն ստեղծվի, այդ ժամանակ բոլոր խնդիրները կմեծանան։ Վերջին հաշվով դա կբերի ինքնիշխանության կորստի։

Հայաստանը կարող է ասել. «Ի՞նչու մենք պետք է տանք այդ միջանցքը մեր տարածքով»։ Թող թռնեն, գնացքներով գնան, ավտոմեքենաներով անցնեն։ Հայաստանը պետք է հստակ հասկանա, որ դա իր տարածքն է, իսկ այդ բոլոր միջանցքները սուբյեկտիվ բաներ են։ Երկաթուղի կառուցեք, տնտեսական հարաբերություններ կառուցեք, բայց ինքնիշխանությունը չի կարելի խախտել, տարածքը խլել։ Այդպիսի դիրքորոշումն առաջ տանելու դեպքում Հայաստանը կարող է հույսը միայն Ռուսաստանի վրա դնել, բայց նա հույսը Ռուսաստանի վրա չի դրել»,- արձանագրեց Կլինցեւիչը։

news.am

Please enter a valid URL