ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ հերթական տեսանյութը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ այսօր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ապացուցող հերթական տեսանյութն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից:
Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել են 9 զինծառայողներ, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: