Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ԵՄ առաքելությունը դիտարկում ենք որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։ Ինքնիշխան պետությունները պետք է կառուցեն իրենց հարաբերությունները։ Ուկրաինայի հարցով ԵՄ-ն ութ տարի կրում էր միջնորդի հպարտ անունը, ինչ-որ հայտրարություններ անում, որոշ հանդիպումներ անցկացնում, եւ ոչինչ։
Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ցավով նշեց, որ ԵՄ տնտեսության բարգավաճումն ավարտվեց ռուսական էժան ու որակյալ գազի հետ մեկտեղ, եւ որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը։
Իսկ ես հիշեցնեմ պարոն Բորելին իր նախորդ տիկին Էշթոնի դերը, որն իսկապես գլխավորեց եվրոպական այս ողջ դիվանագիտությունը եւ նաեւ իր վրա վերցրեց ողջ ԵՄ-ի անունից միջնորդի դերը Մայդանում։ Այո, դա վաղուց էր, բայց այդպես էր։
Ինչպե՞ս ավարտվեց ԵՄ միջնորդությունը Մայդանում։ Այստեղ նրանք նույնպես միջամտեցին։ Նա շրջում էր Մայդանով, ճիշտ է, կարկանդակներ չէր բաժանում, ըստ երեւույթին, դրա գումարը չուներ, բայց ժպտում էր՝ որքան կարող էր։ Եվ ի՞նչ։ Ո”ւր է այդ միջնորդական դերը։ Այն ավարտվեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրսբերմամբ։
Միաժամանակ, Բրյուսելը գերադասում է չմտածել իր քայլերի հետեւանքների մասին։
Պատմությունից գիտենք, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել իրական կարգավորման։ Եթե դուք գիտեք վերջին հաջողված օրինակներ, ապա նշեք․․․
Միայն կասեմ, որ նրանք ոչ միայն չկարողացան միջնորդել ուրիշների համար, այլեւ չկարողացան պաշտպանել իրենց շահերը, իրենց՝ որպես ասոցիացիա, եւ իրենց անդամ երկրների շահերը: Մենք ելնում ենք նրանից, որ Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության եւ երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Մենք կանոնավոր կապեր ենք պահպանում այս հարցի շուրջ մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, ակնկալում ենք օգտվել Աստանայում կայանալիք ԱՊՀ ԱԳՆԽ նիստից»,-ասել է Զախարովան։