Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Հայաստանի օրվա իշխանությունները տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանին առաջարկում են հետ քաշել զորքերը մինչև 2022թ սեպտեմբերի 12-ը եղած դիրքերը: Լսելով նրանց, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն և մյուսներն Ադրբեջանից նույնն են ակնկալում և, հետևաբար՝ վերջինիս նույնաբովանդակ պահանջ ներկայացնում: Դա տրամաբանական է, քանզի Բլինքենը, Մակրոնը կամ մեկ ուրիշը պարտավոր չեն սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանին առաջարկել զորքերը հետ քաշել մինչև, օրինակ՝ 1992թ օգոստոսի 7-ը եղած դիրքերը: Հիշեցնեմ, որ 1992թ օգոստոսի 8-ին ադրբեջանական զորքերը անեքսիայի են ենթարկել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը:
Եվ այսպես. ինչու՞ են ադրբեջանցիներին առաջարկում հետ քաշվել մինչև 2022թ սեպտեմբերի 12-ի, այլ ոչ՝ մինչև 1992թ օգոստոսի 7-ի եղած դիրքերը: Բացի դրանից՝ ինչու՞, խոսելով տեսանելի ապագայում իրականացվելիք սահմանազատման մասին, Արծվաշենը որևէ կերպ չի հիշատակվում թե՛ օրվա իշխանության, թե՛ հայրենի ընդդիմության կողմից: Տպավորություն է ստեղծվել, որ հայ հասարակությունում առկա է Արծվաշենից վերջնականապես ազատվելու կոնսենսուս:
Ընդ որում, դրա համար սկսել են կիրառել ամենաստոր միջոցները: Օրինակ՝ «Արծվաշենը մեզ պետք չէ, քանզի այն լոգիստիկայից դուրս է» կամ «Ավելի լավ է Արցախի հիմնախնդրի վրա կենտրոնանանք»: Վերջերս Փաշինյան Նիկոլի «ամենաթունդ» և նույնքան «անհաշտ» ընդդիմադիրներից մեկն ինձ ապացուցում էր, որ «Արծվաշենն օրինական հիմքով է հանձնվել» և «դրա վերաբերյալ կա, նույնիսկ՝ իրավական ակտ, որի մասին գիտի Բագրատյան Հրանտը»: Պատկերացնու՞մ եք: Կներեք, սակայն Հայրենիքի հանդեպ այսպիսի ստորությանն ընդունակ են սակավաթիվ ժողովուրդներ:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Արծվաշենի խնդրի բարձրաձայնման վրա արգելք է դրված: «Հայ հասարակությանը» գլխացավանք պետք չէ, իսկ հայկական միացյալ քաղաքական վերնախավը ցանկանում է վերջնականապես «ծածկադմբոց» անել 90-ականների կասկածելի գործարքները:
Այդպես որ Բլինքենին, Մակրոնին, ԵԱՀԿ-ին և, նույնիսկ՝ Պուտինին, ՀԱՊԿ-ին և Ալիևին Արծվաշենին կամ մինչև 1992թ օգոստոսի 7-ի եղած դիրքերին չանդրադառնալու մեջ մեղադրել չի կարելի:
Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, սակայն այսօր միացյալ հայ հասարակությունն Արծվաշենը վերջնականապես հանձնելու նախանձելի միասնականություն է ցուցաբերում: