Տվյալներ կան, որ ԱՄՆ–ն և Արևմուտքի այլ երկրների կադրային զինվորականները փաստացի կռվում են Ուկրաինայում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման եթերում։
«Ամերիկյան բանակի, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների բանակների կադրային զինծառայողներն օգնում են սպառազինության համալիրների հաշվարկներին, HIMARS համազարկային կրակի համակարգերի համալիրներին, օգնում են, որ դրանք կիրառվեն ռազմական այս գործողություններում», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացիները ոչ միայն զինում են Վլադիմիր Զելենսկուն և նրա ռեժիմին, այլև հետախուզական տվյալներ են տրամադրում արբանյակներից։ Ընդ որում, ըստ Սերգեյ Լավրովի, խոսքը ոչ թե մի քանի տասնյակ ռազմական արբանյակների մասին է, այլ հարյուրավոր կոմերցիոն արբանյակների։
Նա հավելել է, որ ապացույցները բազմապատկվում են, և Արևմուտքում արդեն սկսում են հասկանալ, որ շատ ավելի հեռու են գնում, քան պատրաստվել էին։
Անդրադառնալով ռուս–ուկրաինական բանակցություններին` նախարարը նշել է, որ դրանք դադարեցվել են ԱՄՆ–ից և Մեծ Բրիտանիայից ստացած անմիջական ցուցումով։
«Մենք սեղանի շուրջ բանակցում էինք ուկրաինական պատվիրակության հետ։ Այն ժամանակ Ստամբուլում մինչև մարտի վերջ համաձայնեցվել էր այս իրավիճակի կարգավորման մոտեցումը` հիմնված ուկրաինական կողմի առաջարկած սկզբունքների վրա, և մեզ բավարարում էին դրանք։ Այդ բանակցությունները դադարեցվեցին ԱՄՆ–ի և Լոնդոնի անմիջական հրամանով։ Ընդհանրապես այս պատերազմը կառավարում են անգլոսաքսերը, որոնք վերահսկում են Զելենսկու ռեժիմը, իսկ նրանց փորձում են միանալ լեհերն ու մերձբալթյան երկրների ներկայացուցիչները», – ասել է Լավրովը։