Զորավարժությունների համար հայտարարված զորակոչի գործընթացն անցկացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ծանուցումներն ուղարկվում են և ծանուցման հաջորդ օրը քաղաքացուց պահանջում են ներկայանալ։ Մինչ այդ հնարավորություն չի լինում, որպեսզի քաղաքացին կարողանա անգամ բուժզննում անցնել։ Չհաշված, որ չեն կարողանում իրենց տարրական կենցաղային հարցերն ապահովել, հետո նոր գնալ ու կատարել իրենց ռազմական պարտքը։ Այս գործընթացը պիտի կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով և խիստ կազմակերպված»,- ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ ՀՀ սահմանների կահավորմանը՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ «Հայաստանի սահմանները կրկին ունեն նույն խնդիրները, որոնք ես բարձրաձայնում էի մոտ 2 տարի առաջ։ Մենք դարձյալ ունենք կահավորանքի խնդիր, և դրանք օր առաջ պետք է լուծվեն։ Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ Հայաստանի իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր Հայաստանում կահավորված առաջնագիծ ունենալու համար»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։



