Search
Close this search box.

Պատերազմից հետո սահմանագիծն ամրացնելու փոխարեն 200 մլն դոլար պարգևավճար են տվել․ Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները

Սա մուտանտների իշխանություն է՝ մեր հոգևոր, մշակութային, բարոյական, քաղաքակրթական արժեքներից դուրս, որն ախտահարում է նաև հանրությանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել կամ հեռացնել։ Այլապես պետական-ազգային բոլոր ինստիտուտները ոչնչացնելու են։ Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները։ Ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի ստախոս, թուլակամ։ Ասել է՝ ելույթ կունենամ, Ադրբեջանը կկազմաքանդվի, Ալիևը մինչև վերջ ստորացնում է, նվաստացնում է, մի ծպտուն չի հանում։ Ասել է՝ ժողովրդավարություն եմ բերում, միակուսակցական բռնապետություն է փորձում խաղալ։ Ասել է՝ խաղաղություն եմ բերում, բերել է պատերազմ։ Ասել է՝ առանց Արցախ Հայաստան չկա, ասում է՝ Արցախ չկա։ 2021 թվականին ասել է՝ Արցախի ինքնորոշում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, ասում է՝ ի վիճակի չենք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, նաև անվտանգությունը։ Ասել է՝ ՀՀ սահմանները, ինքնիշխանությունը կարմիր գիծ են, Ադրբեջանը մտել է Հայաստան, շարունակում է բանակցել՝ հավաստի աղբյուրի նորանոր զիջումներով։ Պատերազմից հետո սահմանագիծն ամրացնելու փոխարեն 200 մլն դոլար պարգևավճար են տվել, տասնյակ միլիոններ ուղղել ԱԱԾ, ոստիկանություն, ՊՊԾ, քննչական, միլիարդների այլ անիմաստ ծախսեր արել»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Նա հավելեց․ «Լավ, ի՞նչ պիտի անի, որ հասկանանք՝ ազգակործան, պետականության կործանման պատուհաս է։ ՔՊ-ի 71 հոգուն հարցրեք՝ էլ ի՞նչ անի, որ տարանաջատվեք։ Պարզ է՝ մի 10-15 հոգի չմարդ են, բա մյուսնե՞րը։ Ինքնասիրություն, սեփական կարծիք, արժանապատվություն, ձեր իսկ վաղվա օրվա մտահոգություն չկա՞։ Ինչո՞ւ չի հեռանում, մնում է, որ ինչ անի»։

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմության քաղաքականությանը․ «Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել։ Ուրեմն, լավ չենք աշխատել։ Հիմա էլ դժվար որոշումների մեջ ենք, վստահ եղեք, չենք համակերպվելու, հեռացնելու ենք։ Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք՝ դուք ինչ եք արել։ Մոռացեք, իշխանության հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է։ Ամենամութը լուսաբացից առաջ է, լույսը բացվելու է, ինչ էլ անեն սրանք կամ սրանց հովանավորողները։

Մեր օրակարգն է՝ անվտանգություն, բանակ, ներքին համախմբում, հավասարակշռված, արժանապատիվ արտաքին քաղաքականություն։ 30 տարի Արցախն ազգային իդեա էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունը և հայկական ինքնությունը։ Արցախը, Սփյուռքը պետք է շարժվեն»։

Please enter a valid URL