Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն նշել է, որ որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում են թշնամությանը։
Նախարարը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին պայքարել նման դրսեւորումների դեմ։ Չավուշօղլուն հիշեցրել է թուրք-ամերիկյան ազգային համակարգող կոմիտեի (TASC) «հաջող պայքարը թուրքական իշխանությունների և ժողովրդի դեմ հայկական սփյուռքի զրպարտության դեմ»։ Նախարարը նաեւ հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ապագայում կարող է այցելել Թուրքիա։
Թուրքիան ու Ֆրանսիան ներկայում ակտիվ «շփումների» մեջ են հայ-թուրքական «խաղաղության» խնդիրներով։ Մակրոնի հրավիրած եվրոպական համայնքի հավաքին տեղի ունեցավ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց հայտարարություն ՀՀ եւ «Ադրբեջանի» փոխադարձ ճանաչման եւ խաղաղության պայմանագիրը պատրաստելու մասին։ Մակրոնը ողջունել է այդ համաձայնությունը։ Պրահայի փաստաթուղթը Հայաստանի օկուպացիայի ճանաչումն է՝ Արցախի, Նախիջեւանի, Ցեղասպանության խնդիրների փակմամբ։
Մյուս կողմից, Ֆրանսիան մի շարք կտրուկ քայլեր է կատարել․ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի կապակցությամբ քննարկումներ էր նախաձեռնել ՄԱԿ ԱԽ-ում, որը տապալվեց Ռուսաստանի ջանքերով։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն անկարող է իրավարար լինել կարգավորման հարցերում, եւ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել ՀՀ տարածքից Բաքվի զորքերի դուրսբերման պահանջի վերաբերյալ բանաձեւ։
Այս համատեքստում, Չավուշօղլուի հայտարարությունն ուշագրավ է․ Ֆրանսիայի քաղաքականության «երկատվածության» պատճառը թուրք նախարարը համարում է հայ համայնքի լոբբիստական ջանքերը եւ իր հայրենակիցներին կոչ անում պայքարել դրա դեմ, Փարիզին կարծես առաջարկելով, որ եթե դա է խնդիրը, Թուրքիան պատրաստ է «օգնել»։
Չավուշօղլուի հայտարարությունն ուշագրավ է նաեւ Հայաստանում «խաղաղության» եւ Ուկրաինայի հարցում Մակրոնի դիրքորոշման համեմատության առումով։ «Ամեն ինչ կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, բայց երբ դա տեղի կունենա, ուկրաինացիների որոշելիքն է: Իսկ դա հիմա հաստատ չի լինի, որովհետեւ հիմա պատերազմ է», Պրահայում ասել էր Մակրոնը եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի համակեցության մասին հարցին հավելել. «Հիմա նման նկատառումների ժամանակը չէ, հիմա պատերազմի ժամանակն է»։
Մակրոնը Ուկրաինայում պատերազմի առաջին փուլերում ստանձնել էր Պուտինի պայմաններով «խաղաղության սուրհանդակի» դերը, դառնալով ծաղրի ու մեմերի թեմա։ Սակայն Ուկրաինայի ղեկավարության կոշտ դիրքորոշման եւ ուկրաինական բանակի համառ դիմադրության հետեւանքով նա փոխեց իր հռետորաբանությունը։ Հայաստանի պարագայում փաստացի արձանագրվեց հակառակ դինամիկան, ՀՀ ղեկավարության կողմից «խաղաղ օրակարգի» ագենտուրային ծրագրի պնդումներից հետո։
lragir.am