Search
Close this search box.

«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է, կամ վերացման եզրին է. Փաշինյան

«Գործ սարքելու» ինստիտուտը վերացել է, կամ վերացման եզրին է. Փաշինյանն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Շնորհավորելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ,Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այսօր նախաքննության գործընթացի առանցքը փաստն է:

«Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կա՛մ վերացել է, կա՛մ վերացման եզրին է, կա՛մ մենք գնում ենք այդ ճանապարհով, կա՛մ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա»,– ասել է նա:

Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է պետությանն ու հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացի կարևորությունը, ինչպես նաև 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները:

«Այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում»,– ասել է վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ քննչական կոմիտեի աշխատողների սոցիալական երաշխիքների ամուր համակարգ ստեղծելու խնդրին` նշելով, որ դա կարևոր է ոչ միայն նրանց, այլև առաջին հերթին` այն քաղաքացիների համար, որոնք բախվում են նախաքննության որակի խնդրի հետ։

Փաշինյանն ասել է, որ այսօր Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում է հանրապետության նախաքննությյունների ավելի քան 90 տոկոսը` հավելելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից այդ ծավալն ընդլայնվելու է։

Նիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների մասնագիտական օրվա առիթով պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով ու վարչապետի հուշամեդալներով:

Please enter a valid URL