Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Աթենքի հետ խոսելու բան չունի։
«Շատ երկրներ Պրահայի գագաթնաժողովում Թուրքիայից Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման քայլեր էին ակնկալում։ Բայց հիմա մենք Հունաստանի հետ խոսելու բան չունենք»,-Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն Հունաստանին երկկողմ երկխոսության կհրավիրի «հանրակցության համերաշխության պատրվակով դրա անօրինական նախաձեռնություններին աջակցելու փոխարեն»:
Էրդողանը հայտարարել է, որ հավատում է ՀՀ–ի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը
Էրդողանը նախազգուշացրել է, որ Թուրքիան պատրաստ է համարժեք պատասխան տալ ոչ միայն Հունաստանին, այլև իր անվտանգությանը սպառնացող ցանկացած երկրի:
«Թող լսի ոչ միայն Հունաստանը։ Մենք կարող ենք հանկարծ գիշերը գալ` անկախ նրանից, թե որ երկիրը կհարձակվի մեզ վրա: Նրանք պետք է իմանան այդ մասին»,-սպառնացել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։