Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման նպատակին, որը հենված կլինի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,-ասել Է Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը հավելել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ «Կային որոշ պահանջներ։ Մեր արտաքին գործերի նախարարները և հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, և քայլերը կձեռնարկենք արդյունքներին համապատասխան։ Հույս ունեմ, որ հայ–թուրքական և ադրբեջանական հարաբերությունները կջերմանան առաջիկայում»,–ասել է Էրդողանը։
Հավելենք, որ Պրահայում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Փաշինյան–Էրդողան հանդիպումը լինելու է թուրքական պարտադրանքների ներկայացում. Մելքոնյան
Նշենք, որ մինչ Էրդողանի հետ հանդիպումը կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։
Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: