ՀՀ ԱԺ կայտառ նախագահ Ալեն Սիմոնյանը Բաքվի զորքերի՝ ՀՀ «ինքնիշխան տարածքից դուրս չբերելը» սահմանազատման բացակայությամբ պայմանավորելը համարում է աբսուրդ։ Իր միտքը հիմնավորելու համար նա հետեւյալ համեմատությունն է արել․ «Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Հադրութն էլ Հայաստանի մի մաս է, եւ մենք էլ ուրեմն ընդեղից պիտի դուրս չգանք»։
Ալեն Սիմոնյանը հետո կարող է ասել, որ լեզվի սայթաքում էր, բայց ինչը լեզվին է՝ մտքին, հոգուն, ենթագիտակցությանն է։ Ֆրեյդով, թե առանց Ֆրեյդ՝ նույնն է այս դեպքում, քանի որ քպ-ական իշխանությունը ծրագրավորված է Արցախը հանձնելու հարցում։ Օրերս Փաշինյանի թերթը «բացահայտեց», որ Լավրովյան պլանը ենթադրում է ՀՀ (Արցախով) հարավի հանձնումը՝ միջանցքների խոչընդոտները հանելու համար։ Հիմա Ալեն Սիմոնյանը փաստորեն խոստովանում է, որ քպ-ական իշխանությունն էլ է մասնակցել այդ դավադրությանը։
Թե աշխարհքաղաքական, ռազմական ու անվտանգային ինչ արժեք ու նշանակություն ունի Հադրութը Հայաստանի համար՝ ռուսներն ու թուրքերը լավ գիտեն, դրա համար էլ երեք պատերազմներում հիմնական հարվածն ուղղել էին այդ կողմ։ Դա 29,8 ու խաղաղություն երազող քպ-ական անմեղսունակների խելքի բանը չէ։ Նշենք միայն, որ իր հայտարարությամբ Ալեն Սիմոնյանն օրինականացրեց Բաքվի ագրեսիան եւ զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում։ Մի քիչ որ մտածի՝ կապը կգտնի, մանավանդ որ Հադրութից «դուրս գալը» Սյունիքից ու Գեղարքունիքից հետո դեռ Երեւանում է զգացվելու։
Lragir.am