Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։
Քառակողմ պաշտոնական այս հանդիպումից առաջ, սակայն, Ալիևն ու Փաշինյանը արդեն իսկ որոշակի շփումներ էին ունեցել, թուրքական պատվիրակությունը, մասնավորապես, սոցիալական ցանցերում կադրեր է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են Ալիևն ու Փաշինյանը զրուցում, սեղանի շուրջ են նաև Թուրքիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը, ինչ-որ փուլում նրանց է միանում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Այս զրույցներից, ինչպես նաև պաշտոնական բանակցություններից մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հաջողվել է հարց ուղղել Ադրբեջանի նախագահին՝ ինչպե՞ս է նա արձագանքում Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Փաշինյանի առաջարկին։ Իլհամ Ալիևը, որ մինչ այդ արդեն խոսել էր Հայաստանի վարչապետի հետ, կրկին ասել է, որ իր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։