Search
Close this search box.

ՀՀ նախկին նախագահները դեռ չեն արձագանքում Սամվել Բաբայանի կոչին

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ հայկական երկու հանրապետությունների շուրջ օր-օրի սեղմվող օղակը ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքին, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներին և բոլոր նրանց, որոնք գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրի հնարավոր լուծման հարցում։

Բաբայանը ընդգծել է, որ ինքը վեր է կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Հայաստանի ու ԼՂ փրկության գաղափարի շուրջ մեկնում է իր ձեռքը։

Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների հետ՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն Սամվել Բաբայանի այս կոչի վերաբերյալ, և պատրա՞ստ են համախմբվել կոչի շուրջ։ Բայց նախկին նախագահների գրասենյակներ մեր զանգերը այդպես էլ մնացին անպատասխան։

Հատկանշական է, որ Սամվել Բաբայանի կոչում այդ համախմբման շուրջ գործնական քայլերի մասին դեռ որևէ հստակություն չկա, և միայն մատնանշվում են ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Թե ինչպես է Բաբայանը պատկերացնում այդ համախմբումը ու ինչպե՞ս դա պիտի տեղի ունենա գործնականում՝ հատկապես նկատի ունենալով այդ ուղղությամբ գրանցված վերջին իրադարձությունները (Տեր-Պետրոսյանի արձագանքը ՀԺ-ի հրապարակմանն ու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը), առայժմ պարզ չէ։

Please enter a valid URL