Search
Close this search box.

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրաձայնել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Նիդերլանդների խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում վարչապետ Մարկ Ռյուտտեի մասնակցությամբ, որի ընթացքում մի խումբ պատգամավորներ նրան հարցեր են ուղղել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան քննարկման ժամանակ Նիդերլանդների հայկական համայնքի ներկայացուցիչները լուռ բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ:

Քննարկման ընթացքում Ադրբեջանիր ագրեսիայի վերաբերյալ Նիդերլանդների վարչապետին հարցեր են ուղղել պատգամավորներ Կատի Փիրին, Սյորդ Վիմեր Սյորդսման, Մուստաֆա Ամհաուչը, Պիտեր Օմցիգը: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին հրավիրված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները:

Սյորդ Վիմեր Սյորդսմանը, հիշատակելով Ադրբեջանի հարձակումն ու ռազմական հանցագործությունները, ընդգծել է, որ այդ հարցերը չեն կարող չքննարկվել Պրահայում կայանալիք համաժողովի ընթացքում: Նրա խոսքով՝ հակառակ պարագայում դա կդառնա հարթակ, որտեղ մեծ տեղ է հատկացվում կեղծավորությունը:

Մուստաֆա Ամհաուչը ևս խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին՝ նշել է, որ դա պետք է դատապարտվի և վարչապետ Ռյուտտեին կոչ է արել մտածել այդ մասին:

Պիտեր Օմցիգը հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին օրերին հարձակվել է Հայաստանի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, և դա այն իրավիճակում, երբ ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային գործարքի գործընթացի մեջ է: Պատգամավորը հետաքրքրվել է, թե որքանով այս գործընթացները կապ ունեն իրար հետ, և արդյոք դատապարտվե՞լ է Ադրբեջանի հարձակումը:

Պատասխանելով հարցերին՝ վարչապետ Մարկ Ռյուտտեն նշել է, որ բռնությունների դեպքերը ծայրահեղ մտահոգիչ են: Նա ընդգծել է ԵՄ-ի դերը հետագա էսկալացիան կանխելու և բանակցությունները վերսկսելու հարցում: Վարչապետ Ռյուտտեն նշել է, որ անհրաժեշտ է հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները և ռազմական հանցագործությունները՝ շեշտելով, որ Նիդերլանդներն աջակցում է չեզոք, անկախ և անխոչընդոտ հետաքննության անցկացմանը: Վարչապետը հավելել է, որ այդ հարցերի և անկախ հետաքննության կարևորության մասին խոսվել է նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ:

Ռյուտտեն հավելել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ (խմբ. Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը և օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ): Նա նաև հավելել է, որ պատժամիջոցներ կիրառելու հարց այս պահին չի քննարկվում, քանի դեռ անկախ, չեզոք և անխոչընդոտ հետաքննություն չի անցկացվել:

Please enter a valid URL